Արցախի հարցում փոխզիջումը չպետք է վնասի այնտեղ բնակվող մարդկանց։ Այս մասին հունիսի 15-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ (Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչներն ու պետական գործիչները) այդ հարցի լուծման շուրջ իրենց հայացքներն ունեն։ Այս իսկապես հին խնդրի լուծման հաստատված ձեւաչափ գոյություն ունի, որը փոխզիջում է ենթադրում։ Փոխզիջում փնտրելը կողմերի դիրքորոշումների մերձեցումն է՝ անկախ նրանից, թե որքան հակասական դրանք կարող են լինել։ Անլուծելի թվացող հարցերի հանգուցալուծումը գտնելը դիվանագիտական աշխատանքի միջազգային պրակտիկա է։ Մենք համաձայն ենք ձեզ հետ այն հարցում, որ իրավիճակը լուծում ու առաջխաղացում է պահանջում։

Հենց այդ պատճառով հատկապես վերջին ժամանակներում շփումներն ավելի ինտենսիվ են դարձել։ Դրանք տեղի են ունենում տարբեր ձեւաչափերում։ Ռուսաստանն իր կողմից, որպես համապատասխան ձեւաչափի մասնակից, անում է անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի փոխզիջումը գտնվի։ Ցանկալի է, որ այն գտնվի եւ որքան շուտ, այնքան լավ, սակայն առանց վնասելու երկու երկրների ժողովուրդներին եւ իհարկե Լեռնային Ղարաբաղի բնակիչներին», -նշել է Մարիա Զախարովան՝ պատասխանելով բանակցային գործընթացի առաջխաղացման անհրաժեշտության մասին հարցին։