Lragir.am-ը գրում է.

Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) ասում է, որ առանց տարածքային զիջումների խաղաղության մասին պետք է հարցնել նրանց, ովքեր վիճակը սրան են հասցրել: Նա ասում է, որ երկու մարդ կա, որ Ղարաբաղի հարցով փաստաթղթեր են ստորագրել: Այժմ նրանցից մեկը մի կողմ է քաշվել եւ քննադատում է՝ չնայած բոլորը դեմքով ճանաչում են հանցագործներին, ասում է Տեր-Թադեւոսյանը:
Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը դեռ մանրամասն կվերլուծվեն, եւ Երեւանում «Հաագայի» տրիբունալ կլինի նրանց հանդեպ, ովքեր աշխատել են ոչ թե Հայաստանի շահերի, այլ ուրիշ պետությունների ու առանձին խմբերի համար: «Հանցագործներին» գտնելը հեշտ կլինի՝ կեղծ մեդալներով, որոնք կախված են հայ պաշտոնյաների կրծքին:
Այդ մեդալներն իրականում «սեւ նշաններ» են նրանց համար, ովքեր ոչ միայն ծառայություններ չունեն, այլ նաեւ հանցավոր քաղաքականություն են վարել՝ դրությունն այսօրվա իրավիճակին հասցնելով: Իսկ դրությունն արդեն դժվար է թաքցնել՝ Հայաստանը քայլ առ քայլ զիջել է ինքնիշխանությունը Ռուսաստանին՝ ի շահ Մոսկվայի եւ սեփական իշխանության՝ զրկելով իրեն ազգային շահերը հետապնդելու հնարավորությունից: Դա հանգեցրել է նրան, որ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը փորձել է գրավել այն, ինչ Հայաստանը պատրաստ էր զիջել:
Ավելի քան 100 զոհերը կեղծ մեդալներ կրողների քաղաքականության գինն էր: Իսկ ինքնիշխանության հանձնման ու տնտեսական մոնոպոլացման հանցավոր քաղաքականության գինը միլիոնավոր մարդիկ են, որոնք ստիպված են մի կտոր հացի համար լքել երկիրը:
Իսկ դա նշանակում է, որ հանցագործները շարունակելու են մեդալներ կրել ու հպարտանալ կայսրությանը մատուցած ծառայություններով:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am