«Մենք պատերազմի մեջ ենք, մեր պատերազմը շարունակվում է, և որևէ մեկը չի կարող ասել, որ պատերազմն ավարտվել է: Ադրբեջանը փորձում է ամեն օր մեզ վնաս պատճառել, և, եթե ստացվում է հնարավորություն, օգտագործում է այդ հնարավորությունը: Իսկ մենք պետք է փոխենք մեր մարտավարությունը և կանխենք ցանկացած հնարավորություն, պետք է` դրա համար նախահարձակ ենք լինում, պետք է` այլ իրավիճակ ենք օգտագործում՝ թույլ չտալով, որ Ադրբեջանը որևէ հնարավորություն ունենա իրավիճակը սրելու կամ լարելու»,- Արցախից 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը` մեկնաբանելով այս օրերին Ադրբեջանի կողմից ձեռնարկվող հարձակողական գործողությունների փորձերը:

Թե ի՞նչ արձագանք կտան Ադրբեջանի գործողություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որ տարածաշրջանային այցի շրջանակներում Բաքվում հանդիպումներ են ունենալու առաջիկա երկուշաբթի օրը, Թ.Պողոսյանը պատասխանեց.

«Չգիտեմ՝ ինչ արձագանք կլինի, թող իրենք նայեն: Արձագանքը, եթե լիներ, պետք է երեկ լիներ: Իսկ քանի որ երեկ չի եղել, այսօր էլ չգիտեմ` կլինի՞, թե՞ ոչ: Բայց մենք պետք է գիտակցենք, որ այդ արձագանքներն Ադրբեջանի վրա չեն ազդում, որովհետև դրանցում չկա իրական սանկցիաների կարգավիճակ, և միակ կողմը, որ հնարավորություն ունի պարտադրելու Ադրբեջանին հարգելու զինադադարի պայմանագիրը, դա Արցախի պաշտպանության բանակն է, կամ հայկական զինված ուժերը:

Այնպես որ, մենք բոլորս պետք է մեր խնդիրը լավ գիտակցելով, որ ինքներս ենք դա անելու, չփորձենք մեր ուշադրությունը դարձնել միայն նրան, թե կլինե՞ն արձագանքներ Մինսկի խմբից կամ միջազգային հանրությունից, այլ տեղում սաստենք, որովհետև մեր տղաներն են այդ գծում կանգնած»:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ Ադրբեջանը թիրախավորել է այն վայրը, ուր երեկ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն է այցելել, Թ.Պողոսյանը նշեց, որ կարելի է նաև այդ տեսանկյունից մեկնաբանել, որ Ադրբեջանն այլևս հետևում է հայկական լրահոսին, փորձում է օգտագործել իր հետախուզական հնարավորությունները, և որտեղ այցելություններ կամ միջոցառումներ են լինում, փորձում է թիրախավորել դրանք.

«Բայց իրականում, եթե թիրախավորել են, ուրեմն հնարավորություն է եղել: Այստեղ է գալիս իմ առաջին դիտարկումը, որ որտեղ հնարավորություն տեսնում են, այնտեղ թիրախավորում են, և ուրեմն պետք է թույլ չտալ, որ այդ տեղերում այդ հնարավորությունները լինեն»:

Նյութի աղբյուրը՝ 168.am