Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի օգտագործման ուղղություն սահմանելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ նախագծի նպատակն է բարելավվել ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով զոհված, մահացած ու հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները:
Այսպիսով, տեղադրված տեսախցիկների արձանագրած խախտումների գումարներով հաշմանդամության առաջին կարգ ունեցող զինվորները, զոհված ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն:
Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ այս փոփոխությամբ կատարում են ՀՀ նախագահի հանձնարարականը և մինչև տարեվերջ բոլոր ընտանիքների բնակարանային խնդիրը լուծված է լինելու:
Նախարարի խոսքերով՝ հաջորդ տարի այս ծրագիրը կուղղվի 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների խնդիրները լուծելու համար։
Վարչապետ Կարեն Կարապետյանը արձագանքեց. «Շատ լավ գործ է»։