Ադրբեջանը սպառազինություն գնելիս տրամաբանությամբ չի առաջնորդվում եւ հետեւողականություն չի ցուցաբերում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանից Ադրբեջան զենքի մատակարարումները։

Փորձագետը հիշեցրեց, որ խոսքը հին պայմանավորվածությունները կատարելու մասին է, որոնք ձեռք են բերվել նախորդ տարիներին եւ աստիճանաբար իրականացվում են։

«Իհարկե, հայ հասարակությունը նման մատակարարումների մասին ցանկացած հաղորդում բացասաբար է ընդունում», - նկատեց Արկադի Գրիգորյանը։

«Սակայն անհասկանալի մի երեւույթ կա։ Ադրբեջանցիները միեւնույն հիացմունքով հայտնում են իսրայելական Spike-ը գնելու մասին։ Ի՞նչ իմաստ ունեն «Քրիզանտեմները»։ Պատասխանը պարզ է՝ Ադրբեջանում շարունակում են տարատեսակ սպառազինություն հավաքել», - հավելեց փորձագետը։