Արցախում հուլիսի 10-ին զոհված ժամկետային զինծառայող Վազգեն Պողոսյանը վաղը կդառնար 20 տարեկան: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի Հորբատեղ գյուղի գյուղապետ Գագիկ Սանդրոսյանը: Նա նշեց, որ զոհված զինծառայողի մարմինը գյուղ կտեղափոխվի այսօր մինչեւ երեկո:

Վազգեն Պողոսյանը Հորբատեղ գյուղից էր, սոցիալապես անապահով ընտանիքից:

Վազգենի երկու քույրերն ամուսնացած են, իսկ եղբայրն էլ տարիներ առաջ է դժբախտ պատահարից մահացել, նրա ծնողներն առողջական խնդիրներ ունեն:

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 10-ին ժամը 17:40-ի սահմաններում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վազգեն Ժիրայրի Պողոսյանը: