Իսրայելի Պաշտպանության նախարարությունը ստուգում է այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ Ադրբեջանը իսրայելական ընկերությանը խնդրել է ցուցադրել հարվածային անօդաչուի հնարավորությունները հայ զինվորականների դեմ, հայտնում է Jerusalem Post-ը:

Ավելի վաղ իսրայելական Maariv պարբերականը հայտնել էր, որ իսրայելական Aeronautics Defense Systems-ի մասնագետների թիմը Ադրբեջան է ժամանել՝ ավարտելու Orbiter 1K անօդաչուի վաճառքի գործարքը: Այնտեղ ընկերության նորկայացուցիչներին խնդրել են հարվածել դիրքերին: Պարբերականի տեղեկություններով՝ անօդաչուն շահագործող 2 իսրայելցիները հրաժարվել են: Դրանից հետո ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներն են սկսել անօդաչուն կառավարել, սակայն վերջնարդյունքում իրենց նպատակներին չեն հասել: Իսրայելի Պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ չնայած «Պաշտպանության նախարարությունը, որպես կանոն, չի մեկնաբանում ռազմական արտահանման հետ կապված հարցերը, նախարարությունում համապատասխան կողմերը բողոքը քննարկում են»:

Aeronautics Defense Systems ընկերությունը կտրականապես հերքել է տեղեկությունները: Ընկերությունց հայտնել են, որ իրենք երբեք կրակի կենդանի թեստավորում չեն կատարում, իսկ անօդաչուի կառավարմամբ զբաղվում է գնորդը, եւ հենց գնորդն է կրում հետագայում տեղի ունեցողի պատասխանատվությունը: