Արցախում օգոստոսի 14-ին զոհված 19-ամյա Արման Մովսիսյանն անձամբ էր ցանկություն հայտնել Արցախում ծառայելու: NEWS.am-ի հետ զրույցում նրա հորեղբայրը՝ Երվանդ Մովսիսյանը, պատմեց, որ նա ծառայելիս է եղել Արտաշատում, սակայն, իր դիմումի համաձայն մեկնել է Մատաղիս:

«Մեկ տարի, երկու ամսվա ծառայող էր, անձամբ էր ցանկություն հայտնել Արցախում ծառայելու: Ծնողները դեմ էին, բայց այդպես էլ չկարողացան համոզել, որ չգնա: Շատ գոհ էր ծառայությունից, ամեն ինչ անում, որ ծնողներին չհիասթափեցնի»,-պատմեց նա:

Արման Մովսիսյանը մինչեւ բանակ մեկնելը շախմատով է զբաղվել, նրան գյուղում ճանաչում են գյուղում ամենալավ շախմատ խաղացողի. «Տարբերվում էր հասակակիցներից: Որ շախմատ էր խաղում, ոչ ոք չէր կարողանում հաղթել նրան»:

Արման Մովսիսյանը նաեւ օգնել է ծնողներին ընտանիքի հոգսերը հոգալու հարցում. մինչեւ ծառայության մեկնելը զբաղվել է գյուղատնտեսությամբ, օգնել ծնողներին փոքր քրոջը մեծացնելու հարցում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017թ. օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմանում ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Արման Մովսիսյանը:

Արմանը Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ էր, նա ընտանիքի միակ արու զավակն էր, ունի իրենից փոքր քույր: Նրան հողին են հանձնել Արշալույսի գերեզմանատանը: