Լավրովն արդեն վախենում է գունավոր հեղափոխությունից Ռուսաստանում, այլ ոչ թե Հայաստանում
ԱՄՆ-ն չեղարկել է Ռուսաստանի քաղաքացիներին ոչ ներգաղթի վիզաների տրամադրումը եւ կվերսկսի սեպտեմբերին ու միայն Մոսկվայում: ԱՄՆ-ն այս քայլին դիմել է Ռուսաստանում աշխատող ամերիկացի դիվանագետների թվի կրճատման պահանջին ի պատասխան:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այդ քայլը համարում է Ռուսաստանում գունավոր հեղափոխություն սադրելու ԱՄՆ փորձ: «Առաջին տպավորությունն այն է, որ այդ որոշումների հեղինակները Ռուսաստանի քաղաքացիների մոտ ռուսական իշխանությունների հանդեպ դժգոհություն առաջացնելու հերթական փորձն են անում: Սա հայտնի տրամաբանություն է, սա նրանց տրամաբանությունն է, ովքեր գունավոր հեղափոխություններ են կազմակերպում», ասել է Լավրովը:
Ռուսաստանը երբեք չի թաքցրել գունավոր հեղափոխություններից վախը՝ մտահոգվելով, որ ԱՄՆ-ն կարող է «համոզել» Ռուսաստանի «ազդեցության գոտում» գտնվող երկրներին «լքել» իրեն եւ անցնել քաղաքակրթական այլ մակարդակ: Հիմա, ըստ ամենայնի, օղակը սեղմվում է հենց Ռուսաստանի շուրջ, եւ Լավրովն արդեն բացահայտ խոսում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանում իշխանության հանդեպ դժգոհություն առաջացնել: Եվ հիմա արդեն Մոսկվան արբանյակների ժամանակը չի ունենա:
Ռուսաստանն ամբողջ ուժով փորձում էր դիմակայել Հայաստանում «գունավոր հեղափոխությանը»: Անգամ Էլեկտրիկ Երեւանի իրադարձությունները Մոսկվայում շտապել են «մայդան» որակել, որ շեղեն դժգոհությունները Ռուսաստանից: Նույն կերպ լուծվեց նաեւ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի հարցը: Ռուսաստանն ամեն ինչ արեց, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունները չանցնեն սահմանը:
Սակայն, երեւում է Հայաստանն աննկատ անցել է սահմանը, որը նախկինում գնահատվում էր որպես մայդան կամ գունավոր հեղափոխություն: Աշնանը «Ելք» խմբակցությունը մտադիր է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգ նախաձեռնել: Չնայած խորհրդարանական մեծամասնությունը հայտարարում է, որ դրա «ժամանակը չէ», հաճույքով մասնակցում է քննարկումներին եւ թեմային միս ու արյուն տալիս: Այլ նշաններ էլ կան, որ Հայաստանը նոր հանգրվան է փնտրում՝ մասնակցություն ՆԱՏՕ-ի զորավարժություններին, «անջատ» բանակցություններ Իրանի ու Չինաստանի հետ:
Այլ պայմաններում Ռուսաստանն անմիջապես կլուծեր Հայաստանում «գունավոր հեղափոխության» հարցերը, սակայն հիմա Մոսկվան զբաղված է. ԱՄՆ-ն «անցել է» բուն Ռուսաստանին եւ ցանկանում է այնտեղ դժգոհություն հարուցել, այլ ոչ թե արբանյակ երկրներում:
Մոսկվայում սեփական խնդիրների ֆոնին համակերպվե՞լ են արբանյակների, մասնավորապես Կովկասի «կորստին»: Մոսկվան, անկասկած, կփորձի կովկասյան խաղից նվազագույն կորուստներով դուրս գալ: Դրա համար Ռուսաստանը, հնարավոր է, կանխարգելիչ ու կտրուկ քայլերի գնա մեր տարածաշրջանում: Արդեն տենդագին կոչեր են հնչում, որոնք, ըստ երեւույթին, պետք է Ռուսաստանի համար պատրվակ դառնան անկման դեպքում: Հատկանշական է, որ ռուս փորձագետները որպես «հաղթաթուղթ» կամ էլ առեւտրի առարկա դիտարկում են բացառապես հայկական թեմատիկան:
Օրինակ, ռուս փորձագետները Մոսկվային առաջարկում են վերադառնալ 1828 թվականին «հավերժ» ստորագրված Թուրքմենչայի պայմանագրին եւ ամբողջությամբ իր վրա վերցնել Իրանի հետ սահմանի պահպանությունը, այդ թվում՝ ղարաբաղյան սահմանը: Ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն է հրապարակվել, որ «Մոսկվան մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի եւ Իրանի սահմանի տեխնիկական վերակառուցմանը»:
Մեկ այլ առաջարկ էլ կա՝ ղարաբաղյան կարգավորումը դուրս բերել Երեւանի իրավասությունից եւ բանակցություններ սկսել Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով :
Կարծիք կա նաեւ, որ Ռուսաստանը կարող է բախումներ հրահրել Ղարաբաղում, որ ծածկի Թուրքիայի «թիկունքը» եւ թույլ չտա քրդական հանրաքվեից հետո տարածաշրջանում «անջատողական» շարժման ծավալումը:
Առաջարկներն, իհարկե, պարտադիր չէ, որ իրականություն դառնան, առավել եւս, որ ռուս փորձագետների մոտ նկատելի է զգալի շփոթվածություն: Սակայն հայկական կողմը պետք է ուշադիր հետեւի Ռուսաստանի քայլերին, բարդ իրավիճակում հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համար:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am