Մինսկի խմբի ամերիկացի հեռացող նախագահ Հոգլանդը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական կետերը, ինչը բուռն արձագանք է գտել Հայաստանում ու Ադրբեջանում:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հոգլանդի բերած կետերում անճշտություններ կան: Ընդ որում, հետաքրքիր է, որ Նալբանդյանը նախ հանդես եկավ կարճ մեկնաբանությամբ, ասելով, որ Հոգլանդի հայտարարության մեջ վտանգավոր բան չկա, այնուհետեւ հրապարակեց ավելի ծավալուն տեքստ, որտեղ արդեն մատնացույց էր անում անճշտություններն ու բացթողումները:
Իր հերթին, ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն, իր հերթին, ասել է, որ դրանք իրականությունից կտրված մոտեցումներ են եւ վտանգավոր են. «2016 թ․ ապրիլի պատերազմը ակնառու կերպով ցուցադրեց, որ իրականությունից կտրված մոտեցումները վտանգավոր են և կարող են ճանապարհ հարթել անկանխատեսելի զարգացումների համար»:
Ի՞նչ է ակնարկում հայկական կողմը, եւ ինչո՞ւ է Հոգլանդը հեռանում այսպիսի աղմուկ առաջացնելով, դա ԱՄՆ պաշտոնական տեսակե՞տն է, թե անձնական նախաձեռնություն, նկատի առնելով, որ նա խնդիրներ ունի ԱՄՆ հայկական լոբբիստական կառույցների հետ եւ համարվում է պրոթուրքական դիվանագետ:
Կա տեսակետ, որ Հոգլանդի հայտարարությունն ավելի շատ ուղղված է Ռուսաստանին, այդպիսով փորձելով հիշեցնել, որ ԱՄՆ-ն կա ղարաբաղյան գործընթացում եւ չի ընդունի սեպարատ համաձայնություններ:
Նշվում է նաեւ, որ ներկայում դժվար է խոսել ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին, նկատի առնելով թե պետքարտուղար Թիլլերսոնի անձը, թե նաեւ այն հանգամանքը, որ Պետքարտուղարությունը մինչ այժմ ձեւավորված չէ:
Մյուս կարեւոր հարցը՝ ինչո՞ւ է նա հրապարակել անճշտություններ պարունակող կետեր, որոնք վաղուց դուրս են մնացել շրջանառությունից: Դա դիտավորությո՞ւն է, թե խնդրի չիմացություն:
Եվ ամենակարեւոր խնդիրը՝ հնարավո՞ր է Ադրբեջանն այս հայտարարությունն ընդունի որպես իր ռազմական քաղաքականության «հավանություն» եւ կրկին լարի իրավիճակը լոկալ գործողություններով, ինչի մասին փաստացի ակնարկում է ԼՂՀ ԱԳ նախարարը:
Հնարավո՞ր է հայկական կողմի մոտ առաջացել են մտահոգություններ մասնավորապես ԱՄՆ դիրքորոշման մասով, քանի որ նույն Հոգլանդը մի քանի օր առաջ լիովին այլ օրակարգի մասին էր խոսում: Կամ՝ մտահոգություն Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի մասով: Իսկ հնարավո՞ր է, որ եղել են բանակցային օրակարգի վերաբերյալ որոշակի պայմանավորվածություններ, որոնք Հոգլանդը փաստացի կամ բացահայտել է, կամ երկիմաստ իրավիճակ առաջացրել:
Այս հարցերի պատասխանը չկա եւ թերեւս չի լինի, քանի որ մի կողմից գործ ունենք բավական փակ ու հիմնականում իմիտացիոն գործընթացի հետ, մյուս կողմից չեն բացառվում անձնական կամ այսպես ասած «հարակից» մոտիվները:
Մյուս կողմից, ներկայում թե աշխարհում, թե մասնավորապես մեր տարածաշրջանում նկատելի է միջազգային հարաբերություններում որոշակի «համակարգային ճգնաժամ», որը պայմանավորված է թե ԱՄՆ քաղաքականության անորոշությամբ, թե նրանով, որ ինչպես ասել է Լավրովը՝ ներկայում խաղի կանոններ չկան: Սա «անցումային» փուլում գտնվող աշխարհին բնորոշ իրավիճակ է, երբ մեծ փոփոխություններից առաջ չի լինում «ասող», եւ պետությունները ստիպված են կողմնորոշվել ավելի ու ավելի խորացող անորոշության մեջ, երբ չեն գործում նույն այդ կանոնները եւ «երաշխիքները»: Այս իրավիճակը բնորոշ է նաեւ մեր տարածաշրջանին, ինչը երեւում է մասնավորապես Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների վիճակից:
Սա անկասկած հնարավորությունների ու միաժամանակ ռիսկերի միջավայր է եւ պահանջում է բազմակողմ արտաքին քաղաքականություն: Օրինակ, Հայաստանն այս իրավիճակում կարող է Ադրբեջանին զրկել «տարածքի ու պատերազմի» իրավունքից ու պահանջներից, որոնք զիջել է 1990-ականներին: Դա հնարավոր է նոր իրավիճակում միջազգային որոշակի դերակատարություն ստանձնելու եւ մեծ տարածաշրջանում նոր առաջացած շահերն արդյունավետ իրացնելու միջոցով:
Եվ այնուամենայնիվ, կլինի՞ սրացում շփման գծում: Դա մեծապես կախված է Հայաստանի քաղաքականությունից եւ այդ շահերն իրացնելու կարողությունից: Այդ հնարավորությունն առաջացել է:
Հոգլանդի հայտարարությունն ըստ էության ոչ այլ ինչ է, քան կարգավորման նախորդ երկու տասնամյակի փուլի ավարտի արձանագրում:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am