ԱՄՆ Արցախի վրայով ազդակ է հղում Իրանին
Մինսկի խմբի ամերիկացի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտնի հայտարարությունը շարունակում է լինել հայաստանյան հանրության բուռն դիտարկումների առարկա, շարունակվում է հայտարարության շարժառիթների որոնումը:
Հոգլանդը գործնականում չի ասել մի բան, որը նորություն է: Աեծ հաշվով, հնարավոր է փոքր շեղումներով, նա կրկնել է Մադրիդյան սկզբունքների եւ դրանց հիման վրա մշակված Կազանի պլանի տրամաբանությունը: Ավելին, այն, ինչ ասել է Հոգլանդը, տարբեր այլ առիթներով ու ձեւակերպումներով նախորդ տարիներին արտահայտել են ոչ միայն միջնորդները, այլ նաեւ Հայաստանի պաշտոնյաները: Օրինակը, 2016 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հարցազրույցը Բլումբերգ գործակալությանը, որտեղ նա ներկայացնում է, թե ինչին է համաձայնություն տվել Կազանում:
Այդուհանդերձ, չպարունակելով որեւէ առանցքային նորություն, Հոգլանդի հայտարարությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել առաջին հերթին գուցե այն առումով, որ հնչել է Սոչիում Պուտին-Սարգսյան հանդիպմանը զուգահեռ:
Դա հիմք է տվել եզրակացնել, որ Հոգլանդը կամ նրա շուրթերով ԱՄՆ ինչ որ բան էր ազդարարում այդ հանդիպման կապակացությամբ: Հնարավոր է, իհարկե:
Սակայն, արժե ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի, կամ հանգամանքների: Նախ, այն, որ ղարաբաղյան խնդիրը հանդիսանում է ոչ միայն զուտ հայ-ադրբեջանական հակամարտություն, ինչի մասին առիթ եմ ունեցել գրել նախկինում բազմաթիվ անգամներ, ինչի մասին արտահայտվել են նաեւ մի շարք այլ փորձագետներ: Ղարաբաղյան խնդիրը հենց սկզբից եղել է աշխարհքաղաքական լրջագույն գործընթաց, որը ստատուս-քվոյի փոփոխությամբ փոխել է տարածաշրջանի ամբողջ դասավորությունն ու տարածաշրջանային անվտանգության, տնտեսա-քաղաքական հարաբերությունների տրամաբանությունը, տարածաշրջանով շահագրգռված տերությունների ուժերի հարաբերակցությունն ու հեռանկարները:
Այդ տեսանկյունից, հաճախ, երբ տեղի է ունենում խնդրի շուրջ բանակցային որեւէ փուլ, ապա դա ունի ոչ թե որեւէ նպատակ բուն խնդրի հետ կապված, այլ հենց աշխարհքաղաքական համատեքստի:
Այդ տեսանկյունից, հարկ է թերեւս Հոգլանդի հայտարարության շարժառիթի դիտարկվող տարբերակներում ուշադրության արժանացնել մեկ այլ հանգամանք: Օգոստոսի 23-ին, մինչ Սոչիում Սերժ Սարգսյանին ընդունելը, Պուտինն ընդունել էր նաեւ Իսրայելի վարչապետ Նաթանյահուին: Իսկ Նաթանյահուն հանդիպումից առաջ ազդարարել էր, որ Պուտինի հետ քննարկելու է Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի իրավիճակն ու Իրանի աճող դերի խնդիրը: Հանդիպման ընթացքում Նաթանյահուն Իրանի թեմայով ուղղակի գրոհեց Պուտինին: Իրանի դեմ նրա խոսքը տեղադրված էր Կրեմլի պաշտոնական կայքում, իսկ ահա այն, թե ինչ է ասել Պուտինը Իրանի մասին Իսրայելի կտրուկ հարցադրումներին ի պատասխան, Կրեմլի կայքը չի հայտնում, եւ այդ մասին պարզ չէ ոչինչ:
Իսկ Իրանի հարցում էական նշանակություն ունեցող գործոններից է ղարաբաղյան ստատուս-քվոն, որի հանդեպ պաշտոնական Թերանը չափազանց ուշադիր է եւ զգայուն, ինչը վկայում են նաեւ մի շարք պաշտոնյաների հայտարարությունները կայունության կարեւորության ու «երրորդ ուժի» ներկայությունը բացառելու մասին:
Երրորդ ուժի ներկայության հանգամանքը սովորաբար դիտարկվում է խաղաղապահների համատեքստում, մինչդեռ խնդիրը կարող է ունենալ նաեւ այլ շերտ՝ ռազմա-տեխնիկական: Գործնականում, ղարաբաղյան գոտում ռազմա-տեխնիկական առումով արդեն իսկ ներկայացված է «երրորդ ուժ», կամ գուցե ավելի շուտ ուժեր՝ Ռուսաստան, Թուրքիա, Իսրայել: Իսկ ապրիլյան պատերազմից հետո գործնականում հնարավոր է խոսել նաեւ ԱՄՆ թեկուզ անուղղակի ներկայացվածության մասին, որ դրսեւորվում է հայկական կողմի տրամադրության տակ հայտնված տեսադիտարկման, հեռահար հետախուզության ժամանակակից սարքավորումների տեսքով, ինչի մասին մի քանի ամիս առաջ հայտարարել էր նաեւ Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Ստացվում է ղարաբաղյան գոտում «երրորդ ուժի» արդեն իսկ առկա անուղղակի ներկայացվածության ուշագրավ պատկեր՝ Ռուսաստան, Թուրքիա, Իսրայել՝ որոնք բաժանած լինելով միմյանց միջեւ Ադրբեջանի ռազմա-տեխնիկական «քարտեզը», փաստացի գործում են ստատուս-քվոյի փոփոխության ուղղությամբ, եւ հայկական կողմում ԱՄՆ ներկայացվածությունը հայկական զինուժի պաշտպանական եւ կանխարգելիչ հնարավորությունն ավելացնող սարքավորումների տեսքով, որոնք գործնականում ստատուս-քվոն պահելու միտված ռեսուրս են:
Իհարկե բաժանումն այստեղ պայմանական է, հաշվի առնելով Հայաստանի հետ Ռուսաստանի ռազմա-տեխնիկական հարաբերությունն ու ապրիլից հետո այդ հարցում որոշակի նոր իրավիճակը՝ կապված Ռուսաստանի անհարմար դրության հետ, ինչպես նաեւ հայ-իսրայելական հարաբերությունը խորացնելու փորձը, որ վերջերս տեղի ունեցավ Երեւանում եւ որից հետո հանկարծ ծագեց հայտնի աղմուկը ղարաբաղյան գոտում իսրայելական անօդաչուների հետ կապված, ինչը թերեւս պայմանավորված էր հայ-իսրայելական հարաբերության կարգավորումից ինչ որ մեկի անհանգստությամբ:
Հաշվի առնելով վերջին ամիսներին բավական խտացված գույներով այդ ներկապնակը, Հոգլանդի հայտարարությունը եթե ոչ ավելի շատ, ապա նվազագույնը ոչ պակաս պետք է դիտարկել գուցե Սոչիում ոչ թե Պուտին-Սարգսյան, այլ Պուտին-Նաթանյահու համատեքստում: Իսկ հայտարարությունն էլ Հայաստանից ոչ պակաս ուշադրության ու «վերծանման» ենթակա պետք է լինի Իրանում, մինչեւ ուր հասնում է Հոգլանդի ահազանգը ստատուս-քվոյի հեռանկարի վերաբերյալ: Այստեղ սակայն, հաշվի առնելով հենց այն, որ ղարաբաղյան խնդիրը հաճախ առիթ ու հարթակ է, ոչ թե բուն առանցք, ավելի հավանական է ոչ թե ստատուս-քվոյին առնվազն կարճաժամկետ կամ միջնաժամկետ իմաստով սպառնացող որեւէ վտանգ, այլ պարզապես դրա առիթով Իրանին ուղղվող ԱՄՆ որեւէ ազդակի հավանականությունը:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am