ՀՀ ՊՆ զորամասերից մեկում օգոստոսի 20-ին մահացած հայտնաբերված կապիտան Անդրանիկ Մկրտչյանի հարազատներն ինքնասպանության վարկածին չեն հավատում:

NEWS.am-ին Անդրանիկի հայրը՝ Արմեն Մկրտչյանը, պատմեց, որ որդին Ապարանից օգոստոսի 19-ին երեկոյան է գնացել Մեղրիի զորամաս, որտեղ ծառայել է: Հոր պատմելով, շատ բարձր տրամադրություն է ունեցել, օգոստոսի 20-ին էլ մոր եւ հորեղբոր հետ է խոսել, որեւէ արտառոց բան, անհանգստություն նրանք նույնիսկ Անդրանիկի ձայնի մեջ չեն նկատել:

«Իմ որդին չէր կարող ինքնասպանություն գործել, նա հերոս էր, ամբողջ Հայաստանում, Արցախում նրան ճանաչում էին, սիրում, շատ ուժեղ էր իմ տղան, ինքնասպանություն չէր գործի: Հիմա սգի մեջ ենք, քրեական գործով չենք զբաղվում, բայց հետո ամեն ինչ անելու ենք, որ դեպքի իրական հանգամանքները բացահայտվեն: Այսպես չենք թողնելու»,- ասաց Արմեն Մկրտչյանը, որը դեպքից հետո է Ռուսաստանից եկել:

26-ամյա Անդրանիկ Մկրտչյանը ծառայում էր հատուկ ջոկատում, 2016թ.-ի ապրիլի 2-ից մինչեւ մայիսի 7-ը եղել է Թալիշում, ուներ բազմաթիվ մեդալներ ու շնորհակալագրեր: Այս տարվա մայիսին Երեւանի Կոմիտասի պողոտայում զինվորականների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպին, ըստ իրավապահ մարմինների, մասնակցություն է ունեցել նաեւ Անդրանիկ Մկրտչյանը:

«Էդ դեպքից հետո տղայիս ուղարկեցին Մեղրիի զորամաս, բայց ինքն այնտեղ չէր մնալու, հատուկ ջոկատի տղաները պահանջում էին հետ բերել Անդրանիկիս, նախարարությունից էլ էին ուզում, որ տղաս վերադառնար «սպեցնազ»: Ու հիմա այս դեպքը... նորից եմ ասում՝ տղաս չէր կարող ինքնասպանություն գործել»,- նշեց հայրը:

Անդրանիկ Մկրտչյանն աշնանը պատրաստվում էր ամուսնանալ: Արմեն Մկրտչյանի խոսքով, ինքը հենց հոկտեմբերի սկզբին պետք է վերադառնար Հայաստան՝ որդու հարսանիքը կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ կապիտանի դին հայտնաբերվել է օգոստոսի 20-ին ժամը 16.20-ի սահմաններում զորամասի իր աշխատասենյակում՝ ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով։ Նախնական տվյալներով՝ մահացու հրազենային վնասվածքը պատճառվել է Ա. Մկրտչյանին ամրակցված ինքնաձիգից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Անդրանիկ Մկրտչյանին հուղարկավորել են առանց զինվորական կարգի, ներկա չէր ՊՆ որեւէ ներկայացուցիչ: