Հայաստանն անկախ երկիր է և կարող է որոշել՝ ինչին մասնակցել, ինչին՝ չմասնակցել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը վերջին պահին որոշել է չմասնակցել Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին:

Հարցին, թե արդյոք նման քայլով Հայաստանի հեղինակությունը չի ընկնում, Մարգարյանը պատասխանել է. «Ես այդպես չեմ մտածում, ես համոզված եմ, որ Հայաստանը գտնվում է ինչ-որ ռամաքաղաքական ճամբարի մեջ, յուրաքանչյուր երկիր մտնում է նման ռազմաքաղաքական դաշինքի մեջ: Ճիշտ է, որ մենք չենք փորձում խզել և հակադրվել մյուս ճամբարների հետ, բայց, վերջիվերջո, այդ իրողությունը մեզանից պահանջում է որոշակի կեցվածք»: Նրա խոսքով, նույնիսկ վերջին պահին կարելի է հրաժարվել որեւէ միջոցառման մասնակցելուց. «Կարելի է նույնիսկ ամիսներ շարունակ որոշումներ ունենաս, որոնք ինչ-որ տակտիկական նկատառումով վերջին պահին փոխես»։

Հրանտ Մարգարյանը համոզված է, որ սա անկախ Հայաստանի իշխանության որոշումն է եւ թելադրված չէ դրսից:

 ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվել էր մեկնաբանել ՊՆ-ի այդ որոշումը. «Ես չեմ մեկնաբանում»,- ասել էր Հովհաննիսյանը։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին մասնակցում է Վրաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան. զորավարժություններին մասնակցելու համար Վրաստանում է ԱՄՆ 500 զինծառայող։

2011թ․ սկսած «Agile Spirit 2017» զորավարժությունն ամեն տարի անցկացվում է, այս տարի այն կավարտվի սեպտեմբերի 11-ին՝ ցուցադրական վարժանքներով:

Զորավարժությունների մեկնարկը տրվել է Ախալցխայում, բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի նախագահն ու պաշտպանության նախարարը: