Վրաստանի ՊՆ խոսնակը հայտարարել է, որ չնայած Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախապես համաձայնություն էր տվել Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժության մասնակցությանը, այնուամենայնիվ վերջին պահին հրաժարվել է: Հայաստանի ՊՆ խոսնակն, իր հերթին, չի ցանկացել մեկնաբանել Հայաստանի ՊՆ հրաժարվելը:
Հետաքրքիր է, Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ում հայ քաղաքագետները շնորհել են ֆելդմարշալի կոչում, կցանկանա՞ մեկնաբանել այս իրավիճակը: Հասկանալի է, որ որոշումը կայացրել է գերագույն գլխավոր հրամանատարը, ընդ որում՝ վերջին պահին, այնուամենայնիվ ենթադրվում է, որ նա կիսվել է նախարարի հետ, բացատրել այդ որոշման պատճառը: Թեեւ, դատելով գերագույնի քաղաքական ոճից, հնարավոր է չի էլ բացատրել:
Այնուամենայնիվ, ցանկացած որոշում ունի ունի իր պատճառա-հետեւանքային հիմքերն ու մոտիվները, եւ տվյալ դեպքում Վիգեն Սարգսյանը պարտավոր է բացատրություն տալ բավական կարեւոր որոշման մասին, առավել եւս, ինչպես պնդում են իշխանության ներկայացուցիչները, որոշումները կայացվում են բացառապես պետական շահի հիմքով: Այսինքն, նախարարը նաեւ շահագրգռված պետք է լինի այդ ուրախալի հանգամանքը եւս մեկ անգամ հանրությանը մատուցելու հարցում:
Կա եւս մեկ ասպեկտ, որը Վիգեն Սարգսյանին պարտավորեցնում է բացատրության հարցում: Բանակը պահվում է հանրային հատկացումների հաշվին, այդ թվում ազգ-բանակ եւ հարակից այլ նախագծերը: Բացի այդ, նման կարեւոր որոշումները անհետեւանք չեն մնում եւ արտահայտվում են երկրի թե քաղաքական, թե ռազմական իրավիճակի վրա: Այդ հետեւանքները ենթադրում են կոնկրետ պատասխանատվություն, այդ թվում շփման գծում հնարավոր զարգացումների մասով:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am