Լragir.am-ը գրում է.

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի Չինաստան կատարած այցը հետաքրքիր արձագանք ունեցավ Ռուսաստանում: ՌԴ պաշտոնական քարոզչության առաջնային հարթակներից մեկը՝ ՌԻԱ Նովոստի գործակալությունը հրապարակեց բավական խանդ պարունակող մի հոդված:
Ամենաուշագրավն այն է, որ հոդվածը շուտով հեռացվեց:
Մինչ այդ, ռուսական մեկ այլ պաշտոնական լրատվամիջոց՝ Սպուտնիկը, հայտնել էր, որ Վիգեն Սարգսյանը Չինաստան է մեկնել ադրբեջանական հարվածային անօդաչուների դեմ չինական հակազդեցության միջոցներ ձեռք բերելու համար, քանի որ Ռուսաստանը չունի այդպիսի սպառազինություն եւ չի կարող մատակարարել Հայաստանին:
Հայ-չինական ռազմա-տեխնիկական գործակցությունը ամենեւին նոր երեւույթ չէ, եւ Հայաստանի պաշտպանության նախարարի Չինաստան այցեր եղել է դեռեւս Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար եղած տարիներից:
Ի դեպ, հենց դրանցից մեկի ժամանակ էր նաեւ, որ դեռեւս ճանապարհին Սերժ Սարգսյանը ստացել էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանկարծամահ լինելու լուրն ու շրջվել հետ՝ Երեւան:
Անկասկած, ներկայիս տարածաշրջանային եւ աշխարհքաղաքական իրավիճակը էապես տարբեր է տասնամյա վաղեմության վիճակից, տարբեր են թե Հայաստանի, թե Չինաստանի խնդիրները: Ներկայում Չինաստանը պատրաստվում է Հայաստանում կառուցել եվրասիական տարածաշրջանում Ռուսաստանից հետո իր ամենամեծ դեսպանատունը: Չինաստանն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասում, եւ եթե տնտեսական առումով Պեկինը հիմնական հարթակ դիտարկում էր Վրաստանը, համենայն դեպս դատելով այդ երկրում կատարվող ներդրումների ծավալից, Վրաստանի հետ ազատ առեւտրի մասին շաբաթներ առաջ կնքված համաձայնագրից, ապա ռազմա-քաղաքական տեսանկյունից տարածաշրջանային ներկայացվածության հենակետը դիտարկվում է Հայաստանը:
Իսկ դա նշանակում է, որ էապես մեծանում է Չինաստանի շահագրգռությունը թե Կովկասի, թե մասնավորապես Հայաստանի կայունության եւ անվտանգության, պաշտպանունակության հարցում:
Զարմանալի չէ Ռուսաստանի խանդն այդ կապակցությամբ: Մյուս կողմից՝ ինչու՞ է ջնջվում խանդն արտացոլող հոդվածը: Արդյոք դա նշանակում է, որ արտահայտվածն այդքան էլ Ռուսաստանի խանդը չէր: Թե՞ ներկայում ընդհանրապես պարզ չէ, թե ինչ է Ռուսաստան ասվածը:
Թերեւս իրականությանն ավելի մոտ է այդ հանգամանքը, հաշվի առնելով մի շարք իրողություններ: Ռուսաստանը երբեք էլ աչքի չի ընկել հստակ եւ ամբողջական պետական կառավարման համակարգով եւ հասկանալի պետական վարքագծով: Ներկայում այդ հանգամանքն ավելի է խորացել, հաշվի առնելով միջազգային մեկուսացման քաղաքականության պայմաններում այդ երկրի ներսում առաջացած տնտեսա-քաղաքական խմբերի միջեւ շահերի սուր բախումը:
Մոսկվան ուներ հույս, որ Արեւմուտքի հետ դիմակայությունում Պեկինը կլինի հուսալի դաշնակից, բայց թվում է, որ Պեկինն իրականում ոչ թե պահում է Մոսկվայի թիկունքը, այլ փորձում է իր դիվիդենտը քաղել Մոսկվայի թուլացածությունից: Պեկինի հարցում Ռուսաստանը կաշկանդված է, քանի որ անհնար է Չինաստանի հանդեպ որդեգրել այն քարոզչական մարտավարությունը, որը կա Արեւմուտքի հանդեպ: Ավելին, եթե Արեւուտքը այսպես ասած ՌԴ սահմանին է, Չինաստանը հեռավոր արեւելքում վաղուց է դե ֆակտո անցել այդ սահմանը:
Այժմ Պեկինը սկսել է Կովկասում այդ սահմանն անցնելու գործընթաց, ընդ որում իրեն բնորոշ զուսպ, փափուկ ոճով:
Մեծ հաշվով, ստեղծվում է ուշագրավ «եռանկյունի» Կովկասում՝ Ռուսաստան, ՆԱՏՕ, Չինաստան: Ռուսաստանն այստեղ ակնհայտորեն տանուլ տվողի կարգավիճակում է, բայց մյուս կողմից վերստին հանգում ենք այն մտքին, թե ով կամ ինչն է ի վերջո Ռուսաստան, որովհետեւ «մեկի» Ռուսաստանի համար ընթացիկ տրամաբանությունը տապալում եւ մահ է, մյուսի համար՝ անկասելի տապալումից խուսափելու միջոց:
Վերջին հաշվով, Մոսկվան հեռանկարային առումով ներկայում կանգնած է երկընտրանքի առաջ. կամ կորցնել Կովկասը՝ պատերազմով կամ առանց դրա, կամ էլ ընդունել Կովկասի անվտանգության համակարգի վերափոխման գործընթացը եւ պահպանել որոշակի դերակատարում նոր համակարգում:

Նյութի աղբյուրը՝ Լragir.am