Այսօր ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացած 18-ամյա զինծառայող Չապլին Մարգարյանը հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել հոկտեմբերի 10-ի առավոտյան, որտեղ էլ գիշերը մահացել է:

NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի առավոտյան ժամը 11-ի սահմաններում: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վիրահատել են: Ավելի ուշ` գիշերը ժամը 3-ի սահմաններում զինծառայողը մահացել է: Նա մահացել է կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքներից:

Արմավիր գյուղի գյուղապետարանից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի պահին իմացել են երեկ երեկոյան: Զոհված զինվորը 8 ամիս առաջ է զորակոչվել բանակ, գյուղում բնակվել է երկու եղբոր, հոր ու տատիկ, պապիկի հետ: Մայրն ապրում է Եվրոպայում: Ընտանիքն զբաղվում է հողագործությամբ ու անասնապահությամբ: «Զոհված զինծառայողը մարզիկ էր, գյուղում հարգված, սովորող, բոլորին հասնող տղա էր»,-ասացին գյուղապետարանից: