Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Ալումյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նույն օրը նա տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Երեւանի կենտրոնական կլինիկական զինհոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանն էլ Aysor.am-ին հայտնել է, որ վիրավոր զինծառայողը գտնվում է անգիտակից վիճակում, բեկորային վնասվածքներ ունի դեմքի ու ձեռքերի շրջանում, մատներից մի քանիսը ամպուտացվել են, ունի նաեւ ծնոտի կոտրվածք, որը պետք է վիրահատվի:

Նշենք, որ վիրավորում ստացած երկրորդ զինծառայող Գևորգ Հյուսնունցը գտնվում է Արցախի զինվորական հոսպիտալում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Արցախի ՊՆ-ի տեղեկատվության, Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետեւանքով մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը: Գեւորգ Վլադիսլավի Հյուսնունցը եւ Սերգեյ Սեւադայի Ալումյանը ստացել էին տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: