Արցախում 1,5 տարի առաջ վիրավորված Հովհաննես Պողոսյանը, որը նոյեմբերի 1-ին, գանգոսկրի պրոթեզավորման բարդ վիրահատության էր ենթարկվել, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին ասաց Հովհաննեսի մայրը՝ Գայանե Ասատրյանը:

«Հովհաննեսն արդեն իրեն շատ լավ է զգում, վերքը շատ արագ լավացավ, կարերի մի մասը քանդել են, մնացածն էլ առաջիկա օրերին կքանդեն: Բժիշկ Արման Հակոբյանը շատ լավ վիրահատություն է արել, հետքն էլ չի երեւում»,- ասաց զինծառայողի մայրը:

Հովհաննեսն առաջիկա ամիսներին տանը կազդուրվելուց հետո վերականգնողական բուժում կստանա «Հերացի» համալսարանական հիվանդանոցի վերականգնողական կենտրոնում:

Նշենք, որ Հովհաննեսն առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ վիրահատվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում, վիրահատությունը կատարել է Արման Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորվել է 2016 թվականի մայիսի 13-ին Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության հենակետերից մեկում: Նա ստացել էր հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, բազմաբեկորային վնասվածքներ։ Կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ստացած Հովհաննեսն իր համառության, կամքի եւ աշխատասիրության շնորհիվ հաղթահարեց բոլոր դժվարությունները: Այսօր նա խոսում է, քայլում, միայն ձեռքը շարժել չի կարողանում, բժիշկները հորդորում են համբերատար լինել, ժամանակի հարց է ընդամենը: