Արցախում նոյեմբերի 21-ի երեկոյան ականի պայթյունից մահացու վիրավորում ստացած Սարգիս Մելիքյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից էր, հունվարին պետք է ավարտեր ծառայությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Վարդենիսի զինկոմիսարիատից:

20-ամյա Սարգիսը տան միակ որդին էր, իրենից մեծ 3 քույր ունի: Զինկոմիսարիատից հայտնեցին նաեւ, որ զոհված զինծառայողի ծնողներից մեկը Ռուսաստանում է գտնվում:

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին ժամը 18:35-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնված 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնված 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնված 1997թ.):

Ականի պայթյունից վիրավորվել է 1998 թվականի ծնված Նարեկ Հայկի Հովեյանը: Նրա վիճակը ծանր է գնահատվում: