Վրաստանի համար Հայաստանի հետ հակամարտության մեջ մտնելը մի տեսակ տարօրինակ կլիներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսական քաղաքական եւ ռազմական վերլուծությունների իստիտուտի փոխտնօրեն, փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ նպատակով է Թբիլիսին պատրաստվում ձեռք բերել ամերիկյան արտադրության Javelin հակատանկային հրթիռային համալիրները եւ դա արդյոք աստիճանաբար չի՞ հանգեցնի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտման:

Նրա խոսքով՝ ռազմական պոտենցիալի տեսակետից Հայաստանը Վրաստանից ավելի հզոր է: «Դրանից զատ, Ռուսաստանն իր հերթին չի կաշկանդվում Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային հարաբերություննեը դրսեւորել, որպեսզի վերջակետ դնի»,- շեշտեց փորձագետը՝ հավելելով, որ Վրաստանը հանդես չի գա նաեւ Ադրբեջանի դեմ, քանի որ այս ուղղությամբ դարձյալ անկարողունակ է, նաեւ ընդհանանրապես շահագրգռված չէ իրադարձությունների նման զարգացմամբ:

Հիշեցնենք, որ ամերիկյան արտադրության Javelin հակատանկային հրթիռային համալիրների արժեքը Վրաստանի համար 75 մլն դոլար է կազմել: Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը Վաշինգթոն հարցում էր ուղարկել 410 Javelin հակատանկային հրթիռներ, նշանառու արձակման կայանքների 72 լրակազմ, 10 ուսումնական համալիրներ եւ դրանց համար 70 մարտական արկ ձեռք բերելու մասին: