Այսպիսով, բանակում ժամկետային զինծառայողի, օրինակ՝ հացի չափաբաժինը 50 գրամով ավելի քիչ է, քան ոստիկանական զորքերում եւ 100 գրամով ավելի քիչ է, քան ԱԱԾ-ում կամ ԱԻՆ-ում ծառայողներինը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:

Ըստ այդմ, նշվում է.

«2015 թվականի դեկտեմբերի 3-ին կառավարությունը իր 1456-Ն որոշմամբ սահմանեց ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողների պարենային ապահովության կարգը (սննդակարգը):

Հաշվի առնելով Զինված ուժերի եւ ոստիկանության շուրջ վերջին շրջանում առկա հանրային քննարկումները, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանրության դատին է ներկայացնում ծառայողների սննդակարգերը:

Ստորեւ ներկայացնում ենք նշված 4 ուժային կառույցների ծառայողների սննդակարգերը:

Այսպիսով, բանակում ժամկետային զինծառայողի, օրինակ՝ հացի չափաբաժինը 50 գրամով ավելի քիչ է, քան ոստիկանական զորքերում եւ 100 գրամով ավելի քիչ է, քան ԱԱԾ-ում կամ ԱԻՆ-ում ծառայողներինը։

Վերոնշյալ կառույցների ծառայողների շաքարավազի օրական չափաբաժինը 10 գրամով ավելի շատ է քան բանակում, իսկ օրինակ քացախը՝ 2 անգամ։

Ոստիկանական զորքերի ծառայողը օրական 2 անգամ ավել խտացրած կաթ է ստանում, քան Զինված ուժերի զինվորները, իսկ 200 գրամ հյութի փոխարեն, որը ստանում են ԱԻՆ եւ ԱԱԾ ծառայողները, Զինված ուժերի ծառայողին հասնում է 28 գրամ օշարակ։

Սննդակարգերում կան նաեւ տարբերություններ․ օրինակ՝ Զինված ուժերի ծառայողները տարվա որոշակի ամիսներին ստանում են մրգի եւ բանջարեղենի որոշակի տեսակներ, իսկ ԱԱԾ եւ ԱԻՆ ծառայողները ստանում են ծխախոտ եւ լուցկի։