Հունվարի 6-ին Արցախում դժբախտ պատահարի հետեւանքով մահացած պայմանագրային զինծառայող Մհեր Զիրոյանը Գյումրիից էր: NEWS.am-ի հետ զրույցում նրա հորեղբորորդին՝ Արթուր Զիրոյանը նշեց, որ դեպքի օրը Մհերը դիրքերից է իջել, նախնական տվյալներով, խեղդվել է շմոլ գազից՝ լոգասենյակում:

«Դիրքերից էր իջել, մտել է, որ լողանա, էդ դեպքը եղել է: Նա էսօր պետք է գար տուն, պատրաստվել է, որ գա, եւ դժբախտ դեպքը եղել է: Այս պահին այսքանը գիտենք»,- ասաց նա:

Արթուր Զիրոյանը նշեց, որ Մհերը ծառայում էր Հադրութում, եղել է ապրիլյան պատերազմի մասնակից, որի ժամանակ վիրավորում է ստացել. «Վաշտի հրամանատար էր, էդ օրերին վիրավորում էր ստացել որովայնի շրջանում»:

Մհերը ծառայության էր անցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո: Ունի ավագ եղբայր եւ կրտսեր քույր:

Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հունվարի 6-ին ժամը 02:10-ի սահմաններում դժբախտ պատահարի հետեւանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992 թվականին ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը: Նախնական տվյալներով՝ զինծառայողը թունավորվել է շմոլ գազից: