Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը բավական բարդ է: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՌԳԱ Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:

Փորձագետը, միաժամանակ, նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը նույնպես առկախված վիճակում է: «Բավական դժվար է կանխատեսել, թե ուրիշ ինչ հիմարություն կանցնի Բաքվի որոշ սադրիչների մտքով»,- նշեց ռուսաստանցի քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի կորցնում հույսը եւ շարունակում է ձգտել կրկին «իր լծի տակ առնել» Լեռնային Ղարաբաղի հայերին կամ պարզապես զբաղեցնել այդ տարածքը, իսկ այնտեղ գտնվող խաղաղ հայ բնակչությանը պարզապես արտաքսել, ինչպես Բաքուն դա արեց, ասենք, Նախիջեւանի պարագայում:

«Եվ քանի դեռ գոյություն ունի ցեղասպանությունը շարունակելու ձգտում, դժվար է կանխատեսել, թե Բաքվի արկածախնդիրներին ուր կարող են տանել այն քաղաքական եւ ռազմական նպատակները, որոնք դրել են իրենց առջեւ»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ 2016 թվականին միջազգային հանրությունն արդեն ադրբեջանական ագրեսիայի ականատեսը դարձավ, եւ հայկական կողմը հրաշալի հասկանում է, որ Բաքվին վստահել չի կարելի, «վառոդը միշտ պետք է չոր պահել»:

 Նյութի աղբյուրը՝ NEWS.am