Վիրավոր զինծառայողների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ հարկավոր է հայտնել: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երկու զինծառայողների վիրավորվելու լուրը թաքցնելու մասին մամուլի հրապարակումներին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինձ թվում էր մենք արդեն անցել ենք այս թեման, հաղթահարել ենք այս բարդույթը: ՀՀ ՊՆ եւ ԱՀ ՊԲ տեղեկատվական թափանցիկության հստակ քաղաքականությունը ամեն օր երեւում է կոնկրետ քայլերով: Մենք որեւէ բան թաքցնելու միտում չունենք եւ չենք թաքցրել եւ անտրամաբանական է զինծառայողի զոհվելու փաստը ներկայացնելու օրը մեզ մեղադրել ինչ որ բան թաքցնելու մեջ:

Սակայն նույն ժամանակ վիրավոր զինծառայողների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ հարկավոր է հայտնել: Բազմիցս փաստարկված հիմնավորել ենք, որ եթե զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ապա նպատակահարմար չէ, նրանց վիրավորվելու լուրը հաղորդել եւ հակառակորդին հստակ փաստ ներկայացնել իր աշխատանքի արդյունավետության մասին, երբեմն նաեւ այլ բաների մասին:

Սրանից ավել բան չեմ կարող ասել, կարծում եմ մենք պետք է ունենանք այն գիտակցումը, որ մեր իրազեկվածության աստիճանը չպետք է գերազանցի մարտական խնդիրներ կատարող մարդկանց կյանքը վտանգելու աստիճանը»,-գրել է նա Facebook-ի իր էջում:

Նշենք, որ ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների, հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունից երկու զինծառայող է վիրավորում ստացել: «Այս դեպքի մասին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել: Տեղեկացանք, որ զինծառայողներց մեկը գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում. նրա աջ ոտքն անդամահատել են, վիճակն այժմ գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Մյուս զինծառայողին այսօր տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, անդամահատել են նրա ձախ ոտքը: Նրա անունը չենք նշում հոր խնդրանքով: Զինծառայողի հայրը մեր զրույցում նշեց, որ այս պահին որդու վիճակը կայուն ծանր է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում: Նա ասաց, որ դեպքից իրեն այս պահին մանրամասներ հայտնի չեն»,-գրել էր թերթը: