2017-ին ադրբեջանական զինուժի ոչ մի գործողություն աննկատ չի մնացել: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն՝ անդրադառնալով 2017թ. բանակային տարվա արդյունքներին:

Ասուլիսի մեկնարկում բանակի հրամանատարը հանդես է եկել ներածական խոսքով՝ սկզբում ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի իրականացրած սադրիչ գործողությունները, մասնավորապես կանգ առնելով փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ՊԲ արեւելյան եւ հարավարեւելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձերի վրա, ինչի արդյունքում հակառակորդը չեզոք գոտում թողնելով 5 հատուկ ջոկատայինի դիակ եւ տարհանելով 3 վիրավոր, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Այնուհետեւ Լ. Մնացականյանն անդրադարձել է հակառակորդի անցկացրած զորավարժություններին, առաջնագծում վերջինիս իրականացրած կահավորական աշխատանքներին ու զենքի եւ զինտեխնիկայի գնումներին:

Ներկայացնելով 2017թ. պաշտպանության բանակում կատարված աշխատանքները՝ Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ադրբեջանական զինուժի ոչ մի գործողություն աննկատ չի մնացել եւ բանակը ձեռնարկել է համարժեք քայլեր, որոնք այսուհետ եւս թույլ կտան ապահովել մեր ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը:

Նախորդ տարվա ընթացքում բանակում կատարված աշխատանքներից Լեւոն Մնացականյանն առանձնացրել է դիրքապահների համար առավել անվտանգ ծառայության պայմանների ստեղծումը, մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների պատրաստության մակարդակի բարձրացումը, զինվորական կարգապահության բարձրացման ուղղությամբ տարված աշխատանքները, հրետանային եւ ՀՕՊ համակարգերի կատարելագործումը, շտաբների փոխգործակցության եւ ներդաշնակման ուղղությամբ կատարված քայլերը, բանակում բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման ուղղությամբ տարված աշխատանքները, նորագույն տեխնոլոգիաների ներդնումը, նոր դիրքերի կահավորումը, դիտարկման համակարգերի կատարելագործումը, ճանապարհային ցանցի զարգացումը, տեխնիկական եւ թիկունքային ապահովության բարձրացման հարցերը:

Ամփոփելով տարին՝ բանակի հրամանատարը նշել է, որ պաշտպանության բանակին հաջողվել է պահպանել խաղաղությունը եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ վստահեցնելով, որ ՊԲ-ը ի զօրու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն եւ պատվով կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը:

Հանդիպման վերջում բանակի հրամանատարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին մոտ ապագայում պատերազմի վերսկսման հավանականությանը, բանակի նյութատեխնիկական ապահովմանը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը, «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի ներդրմանը եւ այլն: