Պաշտպանության նախարարությունը ոչ մի անգամ չի հետաքրքրվել Արցախի զորամասերից մեկում նախորդ տարվա նոյեմբերի 21-ին ականի պայթյունից վիրավորված Նարեկ Հովեյանի առողջական վիճակով: Այս մասին ասաց Նարեկի մայրը` Սեդա Ղարիբյանը:

«Ոչ մի անգամ չեն զանգել, կամ եկել, հետաքրքրվել` Նարեկը ոնց է: Նարեկս բանակ է գնացել ու այնտեղ է վիրավորվել, ու հիմա վիրավոր վերադարձել է: Այս պահին ինքը չի տեսնում, բա մի անգամ չհարցնե՞ս՝ ոնց ես զինվոր: Փաստորեն իրենք մտածում են, դեպք է, եղել է, հիմա ոնց ուզում ես գնա ապրի: Բայց ես ուզում եմ, որ Նարեկս զգա, որ ինքը դեռ բանակի զինվորն է: Բա տանելուց տանում եք, լավ եք անում, բա հիմա չիմանա՞ք` ոնց է ձեր զինվորը»,- վրդովված ասաց Նարեկի մայրը:

Տիկին Սեդան հավելեց, որ ինքը օգնության, կամ ինչ-որ բանի կարիք չունի, զուտ մարդկային առումով ուզում է, որ իր որդին զգա, որ ինքն իր հայրենիքի համար է վիրավորվել եւ միեւնույն չէ իր վիճակը բանակի ղեկավարության համար:

Նշենք, որ Նարեկը դեռ տեղյակ չէ, որ ծառայակից ընկերները ականի պայթյունից զոհվել են: Նարեկի հարազատներն էլ խուսափում են ճշմարտությունն ասելուց, քանի որ Նարեկը ծանր հոգեբանական վիճակում է գտնվում:

Նշենք, որ Ստեփանակերտում Նարեկի մեկ աչքը հեռացրել են, մյուս աչքի տեսողությունն էլ հույս կա, որ կվերականգնվի։

Ավելի վաղ գրել էինք, որ նախորդ տարի նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել ականապայթյունային վիրավորում:

 Նյութի աղբյուը՝ News.am