Փետրվարի 12-ին զինվորական հոսպիտալում մահացած ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Ստեփան Ստեփանյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ էր: NEWS.am-ի հետ զրույցում Գառնիի գյուղապետարանից հայտնեցին, որ Ստեփան Ստեփանյանը մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ, նա առողջական խնդիրներ չի ունեցել: Ստեփան Ստեփանյանը ծնողազուրկ էր, նրան մեծացրել են տատիկը եւ պապիկը, մի քանի տարի առաջ նրա պապիկը մահացել է եւ մինչեւ բանակ զորակոչվելը տատիկին եւ իրենից փոքր քրոջը Ստեփանն է պահել՝ մեղվաբուծությամբ զբաղվելով:

«Քանի որ երկկողմանի ծնողազուրկ էր եւ բանակ գնալուց առաջ քույրն անչափահաս էր, կարող էր 6 ամիս ուշ գնալ բանակ, բայց դիմում է գրել եւ գնացել բանակ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետարանի աշխատակիցներից Վարդան Մարտիրոսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Նա եղել է արձակուրդում, ինչից հետո վերադարձել է Իջեւանի զորամաս, վատացել է, իսկ մահն արձանագրվել է հոսպիտալում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։