Արցախի զորամասերից մեկում երկու տարի առաջ մարզումների անցկացման ժամանակ մահացած ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի հայրն իր որդու մահվան մեջ մեղադրվող սպայի համար պահանջում է խիստ պատիժ: Այսօր՝ փետրվարի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում Գարուշ Գրիգորյանը նշեց, որ դժգոհ է եւ նախաքննությունից, եւ դատաքննությունից, նրա խոսքով, ամեն ինչ արվել է, որպեսզի ամենամեղմ պատժին արժանանա Վարուժան Բալայանը, քանի որ դատախազը նրա համար պահանջել է ընդամենը 8 տարի ազատազրկում:

«Նախաքննությունն ավարտվեց, գործը գնաց դատարան, բայց այդպես էլ տղայիս մահվան պատճառը պարզ չեղավ: Ինքնաձիգի վրա չկան մատնահետքեր, քննություն չի կատարվել... Վարուժան Բալայանը ոչ միայն իմ երեխուն, այլ բոլորին նվաստացրել է, ծեծել է, զորամասում լեյտենանտն ինչ ուզել արել է, բայց ոչ ոք չի տեսե՞լ: Դատարանում ներողություն է խնդրել, մեղադրանքն ընդունել է եւ դատախազն էլ նրա համար ընդամենը 8 տարի է պահանջել, այն դեպքում, երբ իրեն առաջադրված մեղադրանքով 12 տարի է հասնում: Այսինքն, կարող է դատավորն էլ 7 կամ 6 տարի տա, մի քանի տարի անց էլ դուրս գա: Մեր երկրում հավ, ոչխար գողանալու համար 5-6 տարի են տալիս, հայ զինվորին սպանողին՝ 8 տարի: Մեր երեխաները սահմանին թշնամու դեմ պետք է պայքարեն, թե՞ ներքին թշնամու»,-ասաց Գարուշ Գրիգորյանը:

Նրա խոսքով, Հրանտը մարզումների ժամանակ վատ է զգացել, նա չի կարողացել մյուսների հետ շարունակել վարժանքը եւ ուշագնաց է եղել: Հրամանատարը՝ Վարուժան Բալայանը, ըստ պաշտոնական վարկածի, նրան այդ վիճակում թողել եւ գնացել է, իսկ վերադառնալիս նրան մահացած են հայտնաբերել. «Երեխան վատ է զգացել, ռազմական կրթություն չունեցող սպան երեխային վատ վիճակում է թողել՝ ուշագնաց, անօգնական դաշտի մեջ: Զենքը Հրանտի մոտ է եղել, վերադառնալիս տեսել են, իբր Հրանտն ինքն իրեն է խփել: Բայց չեն ապացուցում՝ ոնց, ամեն ինչը եթեներով ա...»

Դատաքննական ցուցմունքներում դեպքին ականատես զինծառայողները գործի վերաբերյալ էական հանգամանքներ չեն հայտնել. Գարուշ Գրիգորյանի խոսքով, նրանք կաշկանդված եւ վախեցած են եղել. «Դատարանում վկա զինվորները մոռացկոտ են, ասում են՝ ոչինչ չեն հիշում, ինչ ցուցմունք որ տվել են, այդպես է եղել: Բայց նրանք ցուցմունք են տվել, որ երբ եկել Հրանտին մահացած են գտել, զենքը նրանից 5-6 մետր հեռավորության վրա է եղել, իսկ քննությունով, նկարներով՝ ձեռքի մեջ: Վարուժան Բալայանն էլ, իրականում, զինվորների հետ ոչ թե շարունակել է ճանապարհը, այլ մնացել է Հրանտի հետ: Զինվորներին հարցնում են՝ սպան ձեզ հե՞տ էր, ասում են՝ այո, բայց հարցնում են ի՞նչ էր անում՝ ասում են՝ չեն հիշում: Այսինքն, երեք ամիս անց մոռացել են ամեն ինչ, բան չեն հիշում: Իրականում, նա նրանց հետ չի եղել, եղել է Հրանտի հետ եւ նա էլ կրակել է Հրանտին: Հակառակ դեպքում, ինչու՞ է դեպքից հետո փախած եղել, մեկ օր հետո են գտել, ձերբակալել, եթե մեղավոր չէ՝ ինչի՞ց է փախել: Զինվորներին ինքն է ստիպել այդպես ասել»:

Մահացած զինծառայողի հոր պնդմամբ, տղան մինչեւ բանակ զորակոչվելը առողջական խնդիր է ունեցել՝ ողնաշարի ծռում, որը զորակոչային հանձնաժողովը եւս հաստատել է եւ նշել՝ ծառայություն սահմանափակումներով. «Բայց տղաս եղել է նռնակաձիգ, որը ավելորդ քաշ է եւ նրան հակացուցված է եղել, սա կոչվում է ծառայություն սահմանափակումներո՞վ: Երբ դատական պրոցեսն սկսվեց, ասում էի՝ դա եւս պատճառ է, ինչո՞ւ չեք քննում դա, ասում են՝ առանձին գործ է: Այսինքն, 2 տարի իմ տղայի մահվան գործով դատավարությունն ընթանում է, այն ավարտվելուց հետո մի հատ էլ է սկսվելու: Ամբողջ կյանքս այս ցավի մեջ դատական պրոցեսներով եմ անցնելու...»:

Գարուշ Գրիգորյանը նշեց, որ որդու մահվան գործով դատավճիռը հրապարակվելու է մարտի 13-ին եւ, եթե դատարանը Վարուժան Բալայանի նկատմամբ մեղմ պատիժ կիրառի, հասնելու է մինչեւ ՄԻԵԴ:

Նշենք, որ Հրանտ Գրիգորյանի գործով կալանավորված, նրան ծեծելու, վիրավորանք հասցնելու մեջ մեղադրվում է դասակի հրամանատար Վարուժան Բալայանը: Ըստ ՔԿ տվյալների՝ դասակի հրամանատարը դեպքի նախորդող օրը՝ 2016թ. հունիսի 16-ին, ֆիզիկական բռնություն է գործադրել զինծառայողի նկատմամբ:

Վարուժան Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) եւ 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Նա կալանավորված է:

Հրանտ Գրիգորյանն արմատներով Արարատի մարզի Մրգավան գյուղից էր, սակայն, ընտանիքով բնակվում էր Արտաշատում: Նրա հայրը Ռուսաստանում արտագնա աշխատանքի էր, ընտանիքն այնքան էլ լավ պայմաններում չի ապրում. ապրում են վարձով: Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր: