Lragir.am-ը զրուցել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ.

Պարոն Տեր-Թադևոսյան, Ադրբեջանում այսօր մեկնարկել են հնգօրյա զորավարժություններ, որոնց 25 հազար զինծառայող է մասնակցում: Շատերի գնահատմամբ՝ Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում։
Պատերազմից առաջ ոչ մեկի ոչ մի բան չեն ասում։ Հայաստանն ու Ադրբեջանը ոչ մի անգամ իրար հետ չեն կռվում։ Այդ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան են միջամտում, իսկ հիմա Ռուսաստանն ու Թուրքիան իրար հետ այնքան լավ են, որ չեն թողնի Ադրբեջանին մեզ հետ կռվել։ Այնպես որ, ամեն ինչ նորմալ է։
Այսինքն` սա պատերազմական գործողությունների սկիզբ չի՞ կարել համարել։
Դրանք պլանային, նախապես ծրագրված ու նախապատրաստված զորավարժություններ են, որոնք անուններ ունեն։ Ամբողջ տեխնիկան հանել են ցուցադրության, որ մեզ վախեցնեն, բայց մենք չենք վախենում։ Ամեն ինչ նորմալ է։ Մենք շատ ուշադիր հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։
Զորավարժությունները տեղի են ունենում Ադրբեջանում և Հայաստանում ընտրությունների նախաշեմին։
2016-ին Ռուսաստանը խնդիր ուներ, դրա համար թույլ տվեց, որ Ադրբեջանը հարվածի, բայց հիմա Ադրբեջանը գիժ չի, որ նորից փորձ անի հարձակվելու։ Մի հատ հրթիռ արձակենք, կհանդարտվեն։ Մենք կթողնենք, որ Ադրբեջանը նախագահ ընտրի, որ հետո բարեկամություն անենք, գնանք Բաքու։
Այսինքն՝ դուք կարծում եք, որ սա Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի խնդիրը չէ, այլ գերտերությունների, որ երբ ուզում են միջամտո՞ւմ են։
Այո, բայց մյուս կողմից մենք միշտ պետք է պատերազմին պատրաստ լինենք ու չմտածենք, թե ոչ մի բան չի լինի։ Մենք պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք դիմագրավել, ոչ թե սպասենք, որ մեզ խփեն։ Եթե տեսնում ենք, որ հակառակորդը գործողության է պատրաստվում, մենք պետք է առաջինը խփենք։ Մենք պետք է միշտ հակահարվածի պատրաստ լինենք։
Ադրբեջանը զորավարժություններ անցկացնելու իր մտադրության մասին տեղյակ չի պահել ԵԱՀԿ-ին՝ խախտելով իր պարտավորությունները։ Դրան արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ն։
Զորավարժություններից երկու օր առաջ Ադրբեջանը հայտարարեց, որ նման բան է նախաձեռնում, և նշեցին, որ 25 հազար զինծառայող է մասնակցելու։ 2016 թվականի ապրիլից առաջ նրանք գաղտնի զորավարժություններ էին անցկացրել, որից հետո հարձակվեցին մեզ վրա։ Նրանց հավատալ չի կարելի, ամեն րոպե կարող են հարձակվել, բայց մենք պատրաստ պետք է լինենք։ Բայց նման զարգացում լինելու դեպքում ոչ իրենք են շահելու, ոչ մենք։
Իսկ ինչպե՞ս եք գնահատում խոսակցությունները, թե այս անգամ հարձակումը կարող է լինել ոչ Արցախի, այլ Հայաստանի սահմանների ուղղությամբ և անգամ չեն բացառում, որ Թուրքիան կարող է միջամտել։
Ես կարծում եմ՝ ամեն բան նորմալ է լինելու։

Նյութի աղբյուրը` Lragir.am