Երեկ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացած ՊԲ զինծառայող Էդգար Երեմյանն Արարատի մարզի Ղուկասավան գյուղի բնակիչ էր:

«ՀԺ»-ին հաջողվեց պարզել, որ զինծառայողները երեկ վարորդական վարժանքների են եղել, Երեմյանի հետ եւս մեկ զինծառայող է եղել, որը հասցրել է դուրս թռչել մեքենայից. մեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորը:

«Երկու հոգի են եղել, մեկը հասցրել է իրեն դուրս գցել, պարապմուքների ժամանակ է եղել»,- մեր զրույցում ասաց Ղուկասավանի գյուղապետ Արա Վարդանյանը:

19-ամյա Էդգարը մի ամսվա ծառայող էր, երկու եղբայր ուներ: «Սոցիալական պայմանները միջինից ցածր են, հայրը արտագնա աշխատանքի է գնում գալիս: Իսկ Էդգարն էլ շատ խելոք, օրինակելի երեխա է եղել»,- ասաց Վարդանյանը:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն տեղեկացրեց, որ մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Գեւորգի Երեմյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հարուցվել է քրեական գործ:

Նյութի աղբյուրը՝ Armtimes.com