Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մարտի 15-ին պարապմունքների ժամանակ ավտովթարի հետեւանքով մահացած Էդգար Երեմյանն Արարատի մարզի Ղուկասավան համայնքից էր, 1 ամսվա զինծառայող:

Համայնքի ղեկավար Արա Վարդանյանը NEWS.am-ին հայտնեց, որ մահացած զինծառայողն ընտանիքի կրտսեր զավակն էր, երկու եղբայր ունի:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի նորակոչիկ վարորդների հետ ուսումնական երթի ժամանակ զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Երեմյանը ստացած մարմնական վնասվածքներից զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: