Հայկական արտադրության Army55M անօդաչու թռչող սարքն արդեն 5 տարի՝ օգտագործվում է Զինված ուժերում:

Երեւանում «ArmHitec-2018» սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի ժամանակ Ռազմական ավիացիոն համալսարանի դասախոս, մայոր Էդգար Մովսիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ սարքն օգտագործվում է հետախուզական նպատակներով:

«Սարքն ամբողջությամբ նախագծված եւ պատրաստված է Հայաստանում: Տակտիկական օնլայն ղեկավարվում է մինչեւ 100 կմ, թռիչքի տեւողությունը մինչեւ 6 ժամ է: Այն օգտագործվում է հետախուզական նպատակով. ցանկացած տիպի ֆոտոնկարահանում, 3D նկարահանում կարող է անել»,- ասաց Էդգար Մովսիսյանը:

Համալսարանի ներկայացուցչի խոսքով, սարքի առավելությունն այն է, որ թռիչքը կատարվում է կատապուլտի միջոցով, իսկ վայրէջքը՝ պարաշյուտի միջոցով, ինչը նշանակում է՝ ցանկացած տեղանքին հնարավոր է սարքը շահագործել: Էդգար Մովսիսյանը նշեց նաեւ, որ սարքն առայժմ օգտագործվում է Հայաստանում, բայց իր որակով ժամանակակից մյուս անօդաչու սարքերին ոչնչով չի զիջում. «Համապատասխանում է մեր պայմաններին, կարողացել ենք այնպիսի արտադրանք տալ, որը մեզ պետք է, մեր խնդիրներին բավարարում է: Ժամանակակից ոչ մի անօդաչու սարքի չի զիջում»,- ասաց նա: