Լատվիայի ԱԳՆ-ն երկրի ներկայացուցիչներին հանձնարարել է ՆԱՏՕ-ին եւ ԵԱՀԿ-ին տեղեկացնել ռուսական հակահրթիռային համակարգերի առաջիկա փորձարկումների մասին` այս հարցը կազմակերպությունների ներսում քննարկելու նпատակով: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԲԿ»-ն, հայտնել է Լատվիայի նախարարության մամուլի քարտուղար Գինտս Եգերմանիսը, փոխանցում է LETA գործակալությունը:

Եգերմանիսը շեշտել է, որ Ռուսաստանը հակահրթիռային փորձարկումներով Բալթիկ ծովում չի խախտում իր միջազգային պարտավորությունները, սակայն այն ճանապարհը, որով ՌԴ-ն իրագործում է իր պլանները, լարվածություն է ստեղծում Բալթիկ ծովի տարածաշրջանում:

«Այս պահին դեռ վաղ է գնահատել, թե ինչպես են անցկացվելու այս փորձարկումները: Ռուսական կողմն ամբողջական տեղեկատվություն չի տրամադրում: ՌԴ-ն հայտարարել է բոլոր ընթացակարգերին համապատասխան զորավարժությունների մասին, սակայն անում է դա այն գոտիներում, որտեղ նախկինում նման բան չի արվել, ուստի բոլոր հարեւան երկրների մոտ հարցեր են առաջանում»,- ասել է Լատվիայի ԱԳՆ մամուլի քարտուղարը: Ըստ նրա՝ Ռուսաստանն իր զորավարժություններով փորձում է սադրիչ կերպով ուժ ցուցադրել: