Արցախում 2 տարի առաջ վիրավորված Հովհաննես Պողոսյանն այսօր՝ ապրիլի 2-ին, այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու քառօրյայում զոհված իր ծառայակից ընկերներին: Հովհաննեսը անսահման կարոտով է խոսում հայրենիքի համար իրենց կյանքը տված 19-ամյա հերոսների մասին եւ հույս հայտնում, որ թեկուզ նրանց կյանքի գնով կպահպանվի ձեռքբերված խաղաղությունը. «Հոգումս, ներսս խորը նստվածք կա, ցավ, չեմ կարող մոռանալ այդ ապրիլը: Այսօր ընկերներիս եմ եկել տեսակցելու այստեղ, նրանք այստեղ են թաղված...»:

Գանգոսկրի պրոթեզավորման բարդ վիրահատությունից հետո Հովհաննեսն այժմ վերականգնողական բուժման կուրս է անցնում. հարցին՝ ինչպես է իրեն զգում, մերօրյա հերոսը պատասխանում է. «Ես արդեն լավ եմ, ես բուժվում եմ, թող միայն թե խաղաղություն լինի»:

Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորվել է 2016 թվականի մայիսի 13-ին Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության հենակետերից մեկում: Նա ստացել էր հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, բազմաբեկորային վնասվածքներ։ Կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ստացած Հովհաննեսն իր համառության, կամքի եւ աշխատասիրության շնորհիվ հաղթահարեց բոլոր դժվարությունները: Այսօր նա խոսում է, քայլում, միայն ձեռքը շարժել չի կարողանում, բժիշկները հորդորում են համբերատար լինել, ժամանակի հարց է ընդամենը:

Մինչ բանակ զորակոչվելը՝ Հովհաննեսն ընդունվել էր Թատերական ինստիտուտ, ծառայությունն ավարտելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը, բայց 2016թ. մայիսի 13-ը խառնեց բոլոր ծրագրերը: 1.5 տարի անց Հովհաննեսը կրկին մտածում է ուսումը շարունակելու մասին: