ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիայի տարածքում 30 հրթիռ են արձակել, որոնց երրորդ մասը Սիրիայի զինված ուժերը կարողացել են խոցել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սիրիայի կառավարությունում իր անանուն աղբյուրը:

ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը ճեպազրույցում նշել է, որ հարվածները հասցնել են երեք թիրախների, որոնք կապ ունեն քիմիական զենք արտադրելու ծրագրի հետ:

Դամասկոսի շրջանում թիրախը եղել է գիտահետազոտական կենտրոնը, որը մասնակցում է քիմիական զենքի մշակմանն ու արտադրությանը: Հոմսում դաշնակիցները ռմբակոծել են քիմիական զենքի պահեստը:

Երրորդ թիրախը եղել է քիմիկատների պահեստարանը եւ հրամանատարական կետը,-ասել է Դանֆորդը՝ հավելելով, որ մոտ ժամանակներս նոր հարվածներ չեն նախատեսվում:

Նշենք, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան Սիրիայի տարածքում սկսել են հարվածներ հասցնել Վաշինգթոնի ժամանակով 21.00-ին, (Երեւանի ժամանակով 05.00-ին):

«Ժամը 21.00-ին ֆրանսիական, բրիտանական եւ ամերիկյան զինված ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում թիրախներին»,-ասել է Դանֆորդը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնլդ Թրամփը հանդես էր եկել ազգին ուղղված ուղերձով, որտեղ հայտարարել էր ՍԻրիային «կետային հարվածներ» հասցնելու մասին: Ավելի ուշ հարվածներ հասցնելու փաստը հաստատել էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաեւ Ֆրանսիայում Ելիսեյան պալատը: