Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ ՊՆ համատեղ նախաձեռնությամբ երեւանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1700 ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին:

Քաղաքապետարանից  հայտնում են, որ Երեւանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ` ծնողների ճանապարհումն այս անգամ կազմակերպվել էր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքից: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Արդեն տասներորդ անգամն է, որ կազմակերպում ենք երեւանաբնակ զինածառայողների ծնողների այցերը սահմանամերձ զորամասեր, ինչն իսկապես սպասված ծրագիր է դարձել բոլորի կողմից: Եվ հաշվի առնելով, որ 2018 թվականը Երեւանի համար հոբելյանական տարի է, որոշեցինք այս անգամ ծնողների ճանապարհումը կազմակերպել 2800-ամյա Երեւանի պատմությունը խորհրդանշող «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի հարակից տարածքից: Այս անգամ զորամասեր կայցելի շուրջ 1700 ծնող: Մեկ անգամ եւս ուզում եմ վստահեցնել, որ մեր այս ծրագիրը լինելու է շարունակական», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին նկատել է, որ այն անչափ կարեւոր է առաջին հերթին առաջնագծում ծառայող զինվորների համար, ովքեր ծնողների հետ հանդիպումից հետո ավելի վստահ ու քաջ են դառնում:

«Մեր կողմից անցկացված ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ մեծ է թիվը այն զինծառայողների, ում ընտանիքի անդամները ծառայության ընթացքում հանդիպում են միայն արձակուրդի ժամանակ եւ ակնհայտորեն դա կազմակերպչական եւ տարբեր խնդիրների հետ է կապված, ուստի, սա իսկապես շատ կարեւոր ծրագիր է ու նմանատիպ նախաձեռնություններն իսկապես օգնում են ուժեղացնել կապը հասարակության ու բանակի հետ»,- նշել է Վիգեն Սարգսյանը: