Պետք է այնպես անել, որ այս տղաների թոշակը արժանի լինի իրենց նվիրումին։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելելուց հետո։

Նա նշեց, որ սա ֆինանսավորում գտնելու խնդիր չէ, այլ սիստեմատիկ լուծում գտնելու խնդիր:

«Ֆինանսական օգնության հոգեբանությունը պետք է մի կողմ դնենք, չի կարելի ամեն ինչ օգնությամբ անել»,- ասաց նախագահը՝ նշելով, որ այս զինվորականների թոշակները շատ ցածր են, իսկ նրանք ունեն ընտանեկան պրոբլեմներ՝ տուն չունեն, ընտանիքներ ունեն, որտեղ պայմանները բավարար չեն, սոցիալական խնդիրներ ունեն։ «Ցավալի է, որ իրենց կյանքը վտանգած տղաները ստանում են թոշակ, որով առողջ մարդն էլ չի կարող ապրել»,- ասաց նախագահը։

Նա նշեց, որ այս վերականգնողական կենտրոնը շատ լավն է, բայց այն կարող է ընդունել միայն 30 մարդու, իսկ դրա կարիքը ունեն 1500-ը։ Բացի այդ, նման կենտրոններ պետք է լինեն նաեւ շրջաններում, քանի որ հաշմանդամություն ունեցող մարդկանց դժվար է շրջաններից Երեւան հասնել։

«Բայց ամենակարեւորը՝ վերականգնողական կենտրոնը պետք է մի քանի ուղղությամբ լինի՝ առողջական վերականգնման կենտրոն, հոգեբանական վերականգնման կենտրոն, որովհետեւ այս տղաները մեծ տրավմայով են անցել, երրորդը՝ սոցիալական վերականգնում։

Ես կխոսեմ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի եւ վարչապետի հետ, կներկայացնեմ իմ տպավորություններն ու մտահոգությունները։ Բնական է, որ թոշակի հարցը եւ սոցիալական խնդիրները ուշադրության կենտրոնում կլինեն»,- ասաց Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ կա նաեւ նրանց աշխատանքով ապահովելու հարցը։

«Մենք պետք է ամրագրենք օրենքով, որ եթե մարդը այստեղից դիմում է հայտարարագրված աշխատանքի, իրեն առավելություն տան։ Պատկերացրեք, որ մասնավոր ընկերությունները եւ պետական հաստատությունները նրանցից 3, 4, 5 հոգու տարեկան աշխատանքի ընդունի եւ նորմալ աշխատավարձ տա, ոչ 30 կամ 40 հազար, այլ 100, 200 կամ 300 հազար, որ մարդիկ իրենց աշխատանքով, ոչ թե օգնությամբ, նորմալ կյանք վերադառնան։ 20 տարեկան երիտասարդը ինքը պետք է իրեն օգնի, ոչ թե 60 տարի օգնեն։ Եթե մի ընկերություն են դիմել երկու հոգի, առավելությունը պետք է տրվի հաշմանդամին, հատկապես այն հաշմանդամին, որը հայրենիքը պաշտպանելիս է դարձել հաշմանդամ»,- նշեց նախագահը։

Նա ասաց, որ եկել է այստեղ վիրավոր տղաների հետ Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանը նշելու. «Մեր 100-ամյա պատմության ընթացքում ստիպված ենք եղել ոչ միայն քաղաքական որոշումներով ու հայտարարագրերով, այլ ուղղակի զենքի ուժով, մեր կյանքի գնով, մեր արյունով պաշտպանել մեր անկախությունը եւ ձեռք բերել այդ անկախությունը: Հետեւաբար երեկ ու այսօր զինվորների օրն է, ընդ որում զինվորների, որոնք իրենց կյանքն ու առողջությունն են տվել հայրենիքին։ Փայլուն տղաներ, որոնք Ռուսաստանից եւ այլ վայրերից եկել են Հայաստան ու կամավոր բանակում ծառայել են: Ինչպես կարող ենք այս մարդկանց մոռանալ անկախության օրվա առիթով, ուստի սա ոչ թե այցելություն էր, այլ պարտականություն, գալ, իրենց շնորհավորել եւ լսել նրանց»,- ասաց նախագահը։