Նախիջեւանի ուղղությամբ գերիշխող դիրքերը գտնվում են ՀՀ Զինված ուժերի վերահսկողության ներքո։ Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am–ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով հայ–ադրբեջանական սահմանի նախիջեւանյան ուղղությամբ տիրող իրավիճակի շուրջ լրատվամիջոցներում եւ սոցցանցերում տեղ գտած տարատեսակ հրապարակումները։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն իսկապես զբաղեցրել է 1-2 բարձունք, սակայն դա ուժերի հարաբերակցությունը չի փոխում. «Հիմնական գերիշխող բարձունքները ՀՀ Զինված ուժերի վերահսկողության ներքո են»,–շեշտել է փորձագետը։ Նա նշել է, որ հայկական կողմը նույնպես ինտենսիվ ինժեներական աշխատանքներ է իրականացնում։

Նախիջեւանի ուղղությամբ չեզոք գոտում դիրքերը բարելավելու Ադրբեջանի փորձերի մասին հաղորդագրությունները հայտնվել են վերջերս։ Նմանատիպ գործողություններ Տավուշի ուղղությամբ չեն արձանագրվել։ Ընդ որում, պակաս կարեւոր չէ, որ Նախիջեւանը Թուրքիայի կողմից հատուկ հետաքրքրության գոտի է դիտարկվում։

Նշենք, որ ավելի վաղ «Ռազմինֆո»-ն արբանյակային լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երեւում է, թե որքան են տեղաշարժվել ադրբեջանական դիրքերը մյաիսի ընթացքում Նախիջեւանի հյուսիսարեւելյան հատվածում:

«1. Ադրբեջանական դիրքերն առաջ տանելու մեր ուսումնասիրած բոլոր դեպքերը նախկին Նախիջեւանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական հանրապետության սահմաններում են (իմա՝ Նախիջեւանի տարածքում)։

2. Խոսքը միայն ու միայն ոչ մի կողմից չվերահսկվող բարձունքներում դիրքավորվելու մասին է, հայկական որեւէ դիրքի կորուստ մեր ուսումնասիրած լուսանկարներում չի դիտարկվում։

Նշենք նաեւ, որ չենք անդրադառնում հայկական կողմի գործողություններին, քանի որ դրանց մասին պաշտոնական աղբյուրներից մանրամասներ դեռեւս չկան։

Զննել ենք ս.թ. մայիսի 2–27 ժամանակամիջոցում արված արբանյակային լուսանկարներում երեւացող փոփոխությունները, մասնավորապես՝ ադրբեջանական կողմից դեպի նոր դիրքեր տանող նոր ճանապարհների հայտնվելը, ինչը խոսում է սեղմ ժամկետներում իրագործած ինժեներական աշխատանքների մասին:

Ըստ ուսումնասիրության՝ Ադրբեջանի ԶՈւ-ն հիմնականում առաջացել է Արենի գյուղի այգիների եւ լքված Հունուտ (ադրբ. Ջունութ) գյուղի ուղղություններով: Առաջխաղացման նշաններ նկատվում են մայիսի 2-ից սկսած, սակայն հիմնական աշխատանքները կատարվել են մայիսի 17–27 հատվածում»,-գրել է կայքը: