Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

«Հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպն ստացել է հանրային լայն հնչեղություն:

Հաշվի առնելով այն փաստը, որ առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթեւակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը եւ անդրադառնալ սահմանային իրադրության վրա, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խորին մտահոգություն է հայտնում այդ եւ դրան հետեւած դեպքերի զարգացման վերաբերյալ:

Ընդունելով յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքի բացարձակ գերակայությունը եւ անթույլատրելի ու դատապարտելի համարելով բռնության ցանկացած դրսեւորում՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ առանց այդ էլ արտաքին սպառնալիքների տակ գտնվող մեր երկրի ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից եւ հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում»,- ասվում է հայտարարության մեջ: