Երեկ Ադրբեջանը ցուցադրել է իր մարտավարական հեռահար նոր զենքերը՝ բելառուսական Պոլոնեզն ու իսրայելական Լորան, որոնք, ըստ մասնագետների, իրենց բնութագրերով մոտ են Իսկանդերին: Հայաստանն ունի Իսկանդեր:

Բելառուսը փորձում է օգտվել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի դեմ պատժամիջոցներից եւ աշխուժացնել զենքի վաճառքը: Ադրբեջանն օգտվել է առիթից, մի կողմից ձեռք բերելով այդ զինատեսակը, մյուս կողմից փորձելով ճնշում գործադրել ռուսական ուղղությամբ:

Թեեւ, չի բացառվում, որ Ռուսաստանը, չցանկանալով Հայաստանում ստանալ բացասական վերաբերմունքի նոր դոզա, առավել եւս նոր իշխանության պայմաններում, այդ մասով «զիջել» է Բելառուսին:

Բելառուսա-ադրբեջանական համագործակցությունը սպառազինության ոլորտում նոր չէ, սակայն մարտավարական զենքի մատակարարումները նոր մակարդակ են:

Իր հերթին, նոր չէ նաեւ Իսրայելի հետ Բաքվի համագործակցությունը, որը մատակարարում էր ավելի շատ տեխնոլոգիական զինատեսակներ, իսկ հիմա արդեն՝ հեռահար զենք:

Իսրայելը վերջին շրջանում կրկին խաղարկեց հայկական խնդիրները, Թուրքիայի հետ իր հարաբերությունների հերթական առեւտրային փուլում: Երեւանից չեղավ որեւէ պաշտոնական արձագանք կառավարության կամ Ազգային ժողովի մակարդակով: Այնինչ, ցեղասպանության խնդրի շուրջ Իսրայելի պահվածքը սերտորեն կապված է Ադրբեջանին սպառազինության մատակարարումների հետ, որքան էլ դա մեկնաբանվի որպես զուտ բիզնես:

Սպառազինության մատակարարումները մասնավորապես Մեծ Մերձավոր Արեւելքում չի կարող լինել զուտ բիզնես, այն լուրջ քաղաքականություն է՝ հեռահար նպատակներով: Մոսկվայում, Վաշինգտոնում եւ Բրյուսելում Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների մասով «թայմ-աութ» են վերցրել, սակայն Իսրայելը, Ադրբեջանը եւ Թուրքիան չեն սպասում: Նրանք, ի տարբերություն հայերի, զգացել են թավշյա հեղափոխության իրական ուժը եւ բոլորից լավ են հասկանում հայերի պոտենցիալը: Դե, իսկ Լուկաշենկոն կարող է պետք եղած ժամանակ լինել նաեւ Ռուսաստանի «ներկայությունն» այս խաղում:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am