Զինվորը պետք է լինի կուշտ, ունենա հագուստ եւ ծառայության պատշաճ պայմաններ. մենք այս խնդրի լուծմանը հասնելու ենք, ուրիշ տարբերակ չկա։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Օգտատերերից մեկը հարց է ուղղել. « Եղբայրս ծառայում է Հադրութում, ձեր հրամանով արգելված է որեւէ սնունդ, հիգիենայի պարագա տանել, բայց նրանց ոչինչ չեն տալիս, զինվորները սոված են։ Ոչ դուք եք տալիս, ոչ մեզ եք թողնում ուղարկել»։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Բանակում բոլոր զորամասերում, հենակետերում պետք է ապահովվի պատշաճ սնունդ։ Ես շարունակում եմ կոչ անել, որ եթե որեւէ տեղ խնդիր կա, ոչ թե պետք է գնալ ափալ-թափալ գնել սնունդ եւ ուղարկել, այլ դիմել մամուլին։ Աղմուկ բարձրացրեք մամուլով, դիմեք կառավարություն, դիմեք վարչապետի աշխատակազմին, գրեք սոցիալական ցանցերում։ Մեր դիրքորոշումը հստակ է այդ հարցում։

Դուք ահազանգում եք, որ այդ հարցը ինչ-որ տեղ լուծված չէ, օգնեք մեզ, որ այդ հասցեն գտնենք, որտեղ լուծված չէ եւ արագ լուծենք։ Այդ հարցի լուծման համար որեւէ խնդիր չկա, դրա համար խնդիրը տեղը եւ պատասխանատուին որոշելն է։ Եթե դուք կոնկրետ հասցեն նշեիք, ես այդ հարցը կլուծեի նախքան այս հանդիպումը։ Տարբերակ չկա, զինվորը պետք է լինի կուշտ, ունենա որակյան հագուստ, պատշաճ ներքնազգես եւ ծառայության պատշաճ պայմաններ։ Մենք սրան հասնելու ենք»։

Փաշինյանը հավելեց, որ իրենց համար առաջնային նշանակություն ունի բանակի չարաշահումներով զբաղվելը. «Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումը կարեւոր էր դրանով, որ ցույց ենք տալիս, որ զինվորի բաժինը գողացողը պատժվելու է։ Եթե մինչեւ հիմա դրա մասին ճառեր էին ասվում, հիմա արվում են քայլեր եւ արվելու են։ Բայց ես նաեւ չեմ ուզում, որ այս ֆոնի տակ մեր ազնվագույն սպաների ծառայությունը նսեմացնենք։ Կան հրամանատարներ, որ դեռ մի բան էլ իրենց տնից են բերում, որ զինվորին ապահովեն, կան նաեւ սպաներ, որ գողանում են։ Այս երկու տեսակին չպետք է իրար խառնենք։

Մեր բանակի հենասյունը այդ ազնիվ սպաներն են, որոնք իրենց կյանքի գնով եւ անմնացորդ ծառայում են հայրենիքին։ Այդպիսի սպաները ճնշող ու բացարձակ մեծամասնություն են։

Իսկ չարաշահումների մասին ահազանգեք, գրեք սոցիալական ցանցերում, դիմեք մամուլին, ու մի վախեցեք, ձեր երեխային ոչինչ չի պատահի։ Ես երաշխավորում եմ, որ ոչ մեկը ահազանգող ծնողին ու երեխային չի կարող որեւէ բան ասել։ Այն սպան, որ կփորձի ահազանգող ծնողի երեխայի նկատմամբ ճնշումներ բանեցնել, կպատժվի օրենքի ողջ խստությամբ։ Բայց ասեք, թե ով է գողանում զինվորի սնունդը եւ մենք նրա հետեւից կգնանք, չկասկածեք»,-ընդգծեց ՀՀ վարչապետը։