Համաձայն Արցախի պաշտպանության բանակի 2018թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի՝ ՊԲ միավորումների եւ կենտրոնական ենթակայության զորամասերի գումարտակների, ինչպես նաեւ հրետանային եւ ՀՕՊ դիվիզիոնների հրամանատարների ու նրանց տեղակալների հետ հուլիսի 23-27-ը անցկացվել են հրամանատարական հավաքներ, որոնց նպատակն էր բարձրացնել վերոնշյալ օղակի սպաների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հավաքների մեկնարկին մասնակիցներին հանդիպել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը՝ մասնակիցների ուշադրությունը հրավիրելով բոլոր այն հարցերի վրա, որոնք առնչվում են վերոնշյալ սպայակազմի առօրյա գործունեությանը, մարտի նախապատրաստման ու վարման, փաստաթղթեր մշակման, ստորաբաժանումների ղեկավարման եւ համակողմանի խնդիրներին:


Հավաքի մասնակիցների հետ մարտավարական ու մասնագիտական տարբեր թեմաներով դասախոսություններ ու գործնական պարապմունքներ են անցկացրել նաեւ ՊԲ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչները՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրակային, ֆիզիկական եւ տեխնիկական պատրաստության առարկաներին:

Հավաքի մասնակիցները մարտավարամասնագիտական առարկաներից հանձնել են ստուգարքներ, որոնց հետեւել ու անհրաժեշտ մեթոդական օգնություն են ցուցաբերել բանակի շտաբի համապատասխան բաժինների ու ծառայությունների պետերը:

Հավաքների ավարտին իրականացվել է արդյունքների ամփոփում, վերլուծվել են 5-օրյա պարապմունքների ընթացքում իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները, անդրադարձ է կատարվել անցնող ուսումնական փուլի ընթացքում տեղ գտած թերացումներին ու բացթողումներին, որոնց վերաբերյալ ՊԲ հրամանատարությունը տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: