Ադրբեջանի զինված ուժերը այս գիշեր կրկին կրակ են բացել Հայաստանի տարածքի՝ Տավուշի մարզի ուղղությամբ, սակայն դրանք նախորդ օրերից ավելի քիչ է եղել:  Պաշտպանության նախարար մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ անկանոն կրակ են բացել:

Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 15-ի երեկոյան հակառակորդը հրաձգային զենքերից գնդակոծել է Արենի գյուղի շրջանը. «Հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով»:


Բացի այդ, նախարարի մամուլի խոսնակի խոսքով, Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաեւ մեծ՝ մինչև 12.7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։

Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Չինարի գյուղը, սեպտեմբերի 15-ին էլ Կոթի գյուղի ուղղությամբ է կրակոցներ արձակել, ինչի հետեւանքով վիրավորվել է Կոթիի 60-ամյա բնակիչը:

Հատկանշական է, որ շուրջ մեկ շաբաթ է Ադրբեջանի զինուժը ակտիվություն է ցուցաբերում եւ պարբերաբար գնդակոծում է Հայաստանի տարածքը:

Հարցին, թե ինչ է ձեռնարկում հայկական կողմը Ադրբեջանի գործողությունները կասեցնելու ուղղությամբ, արդյոք անհրաժեշտություն չի առաջացել դիմելու ՀԱՊԿ-ին, քանի որ Ադրբեջանի զինուժի կրակոցները Հայաստանի ուղղությամբ են, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ Հայաստանի զինված ուժերը վերահսկում են իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին. «Այո, կրակոցներ են եղել նաեւ երրորդ բանակային կորպուսի ուղղությամբ: Ընդհանուր առմամբ գնդակոծության թիրախում ավելի շատ Տավուշի մարզն է, սակայն օրինակ այսօր կրակոցները նախորդ օրերի համեմատ քիչ են եղել: Անկանոն կրակել են: Ամեն անգամ, եթե անհրաժեշտ է, լռեցնում ենք պատասխան կրակով: Չեմ կարծում, որեւէ խնդիր կա դիմելու այլ կառույցների: Ոչ այդ աստիճանի լարում կա, ոչ էլ այդ կրակոցները այնպիսի անլուծելի խնդիր են առաջացրել, որ չկարողանանք վերահսկել իրավիճակը: Ամեն ինչ վերահսկվում է եւ անհրաժեշտության դեպքում պատժում ենք հակառակորդին: Վարչապետն էլ նախօրեին ասաց, որ խոցել ենք հակառակորդին»:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ցավոք պրակտիկա է դարձել, որ Ադրբեջանը դաշտային, գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, կամ միգուցե քաղաքական նկատառումներով, նման սադրանքների է դիմում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին 3 օրերին ՀՀ զինված ուժերը ստիպված են եղել խոցել ադրբեջանցի 3 զինվորի: