Հայաստանի տարածքում անցկացվելու է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Այն կանցկացվի հոկտեմբերի 8-13-ը ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում։


Զորավարժության թեման է՝ «Զորամասերի և ստորաբաժանումների բերումը մարտական պատրաստականության աստիճանի: ՀՀ պետական սահմանի պահպանության ուժեղացում, ՀՕՊ ուժերի ու միջոցների կիրառում, պաշտպանողական մարտի նախապատրաստում և վարում»:

Զորավարժության նպատակն է կատարելագործել համահավաք գնդի և գումարտակների հրամանատարների գործնական ունակությունները, ապահովել անձնակազմի գործողությունների ներդաշնակումը ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության աստիճանի բերման և պաշտպանողական մարտ վարելու ժամանակ:

Զորավարժության նախապատրաստական աշխատանքների շրջանակում սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ Բաղրամյան զորավարժարանում անցկացվել է տեղազննություն, հստակեցվել են միասնական գործողությունների պլանով նախատեսված միջոցառումները, ճշգրվել են համապատասխան աշխատանքային խմբերի կազմերը: