Նիկոլ Փաշինյանը Հայաստանի խորհրդարանի արձակումից հետո երեք օրով մեկնել է Արցախ, այցելել սահման, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ քննարկել իրավիճակը: Նա վերահաստատել է արցախա-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացումը, սակայն կոչ է արել պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման:

Տարածաշրջանային վերլուծաբանները գրում են «իրադարձությունների զարգացման» հնարավորության մասին թե ղարաբաղյան, թե իրանական ուղղությամբ: Այսօրվանից, ինչպես հայտնի է, ուժի մեջ են մտել Իրանի դեմ կոշտ պատժամիջոցները: Խոսքը հիմնականում Իրանի դեմ քաղաքական-տնտեսական ճնշման մասին է, սակայն քաղաքական գործիչները, հավանաբար, դիտարկում են նաեւ իրանա-ամերիկյան դիմակայության ոչ խաղաղ զարգացումը:

Ի՞նչ կարող է տեղի ունենալ Իրանում իրավիճակի ռազմական էսկալացիայի դեպքում: Նախեւառաջ, փախստականների հոսք: Նրանք ճանապարհ կբռնեն այն երկրներ, որն անվտանգ կհամարեն: Այդ հոսքերով մանիպուլյացիաներ անելը հեշտ կլինի, ինչպես Թուրքիան էր անում սիրիական ճգնաժամի ժամանակ՝ փախստականների հոսքն ուղղելով Եվրոպա եւ քաղաքական արտոնություններ եւ փող կորզելով:

Հայաստանն ու Արցախն Իրանի հետ երկար սահման ունեն՝ մոտ 100 կմ Արցախը, 45 կմ՝ Հայաստանը: Հայ-իրանական սահմանը վերահսկում են ռուսական սահմանապահ զորքերը, արցախա-իրանական սահմանին հայկական զորքերն են կանգնած:

Նիկոլ Փաշինյանն ա՞յս զարգացումը նկատի ուներ, երբ հայտարարում էր, որ հայ-իրանական սահմանն աշխարհաքաղաքական իրադարձություններով պայմանավորված կարող է փակվել: Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի ղեկավարության հետ հենց այդ տարբերակն է քննարկել:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ռուս սահմանապահները գրեթե ամեն շաբաթ հայտարարում են հայ-թուրքական սահմանը խախտողների ձերբակալության մասին: Թյուրքագետ եւ արեւելագետ Կարեն Վերանյանը կարծում է, որ Անկարան ուշադիր հետեւում է Հայաստանում քաղաքական զարգացումներին եւ ցանկանում է հասկանալ, թե Հայաստանի նոր ղեկավարությունը որքանով է պատրաստ դիմագրավել մարտահրավերներին ու ռիսկերին: Թուրքերը ցանկանում են, որ սահմանի խախտումները սովորական երեւույթ թվան, ասում է նա:

Թյուրքագետը կարծում է, որ կգա մի օր, երբ սահմանը կհատեն ահաբեկչական ուժեր, խմբեր, որոնք աջակցություն են ստանում Թուրքիայից, Ադրբեջանից եւ այլ երկրներից:

Փախստականների հոսքերով իրոք կարող են մանիպուլյացիաներ անել, իսկ հայկական կողմը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման:

 Նյութի աղբյուրը՝ lragir.am