«Առաջին լրատվական»-ը օրեր առաջ բանակի սպայի ահազանգի հիման վրա գրել էր, որ Արցախի զորամասերում զինծառայողներին պարտադրում են գումարներ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ըստ այդմ՝ սպաներից՝ 5000, ենթասպաներից՝ 3000, պայմանագրային զինծառայողներից՝ 1000, ժամկետային զինծառայողներից 100 դրամներ էին հավաքում հիմնադրամին փոխանցելու նպատակով:

Դրանից հետո արձագանք է եղել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, անմիջապես կապ են հաստատել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարության հետ, պաշտոնական հայտարարություն էին տարածել և այլն:

Մեր հրապարակումներով նպատակ ենք ունեցել բանակի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրությունը հրավիրել խնդրի վրա: Անգամ եթե այդ գործողությունը կատարվում էր ղեկավար կազմի թողտվությամբ, մենք հույս ունեինք, որ այն կվերացնեն ու հավաքված գումարները կվերդարձնեն զինծառայողներին: Եվ այսօր տեղեկացանք, որ Արցախի Հանրապետության բոլոր զորամասերում «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար հավաքված գումարները վերադարձրել են զինծառայողներին:

Փաստացի մեր նպատակը, առաքելությունը կարելի է համարել կատարված, քանի որ հրապարակման նպատակը հենց խնդիրը վերացնելն էր, ոչ թե, ինչպես շատերն էին պնդում և մեկնաբանում, նախընտրական սև քարոզչությունը ՀՀ և Արցախի իշխանությունների նկատմամբ, քանի որ հրապարակումները համընկել էին նախընտրական թեժ շրջանի հետ, որոնց հետ ուղիղ կապ չկա:

Ավելին՝ կասկած անգամ չունենք, որ եթե նման դեպքերը բարձրաձայնվեին նախկին իշխանությունների օրոք, ոչ միայն կմնար անարձագանք, այլև տվյալ զինծառայողը կենթարկվեր տարատեսակ ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների: Այլևս պետք է հասկանալ, որ մենք ապրում ենք նոր Հայաստանում, և նման արատավոր երևույթները տեղ չունեն, առավել ևս՝ բանակում:

Մենք խորապես համոզված ենք, որ բանակի ղեկավարությունը այլևս երբեք նման երևույթներ թույլ չի տա և չի կրկնի: Նաև պետք է արձանագրել հետևյալ փաստը. մեկ սպայի ակտիվ պայքարը կարող է վերացնել բանակում տեղի ունեցող հսկայածավալ անարդարությունը: Մեկ սպայի պայքարի շնորհիվ բանակի հազարավոր սպաներ, պայմանագրային զինծառայողներ, զինվորներ, ովքեր չէին համարձակվում բարձրաձայնել խնդիրը, կարող են հարցը համարել լուծված իրենց օգտին: