Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող, զինված ուժերի կապիտան, 2016-ի ապրիլին տեղի ունեցած արցախա-ադրբեջանական կարճատև պատերազմի մասնակից և նահատակ Արմենակ Ուրֆանյանն այսօր կդառնար 29 տարեկան:

Կապիտան Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990-ի հունվարի 28-ին Երևանում: Արմենակ Ուրֆանյան սովորել է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ։ Ուսումնառությունից հետո «լեյտենանտ» սպայական կոչում է ստացել։ 26 տարեկանում ստացել է կապիտանի զինվորական կոչում ու նշանակվել վաշտի հրամանատար՝ առաջին գծում։

Կապիտան Արմենակ Ուրֆանյանը իրեն հատկապես հերոսաբար է դրսևորել Քառօրյա պատերազմի ժամանակ։ 2016-ի ապրիլին սկսված Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից եղել է Արցախի առաջնային գծում։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի հետ։

Անձնակազմին հետ ուղարկելով՝ կապիտան Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ։ Ի վերջո, ազերիների ձեռքը գերի չընկնելու նպատակով՝ իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը՝ նրանց պատճառելով զգալի մարդկային կորուստներ։