Նախորդ տարվա մայիսի 6-ին հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա զինծառայող Լեւոն Թորոսյանի գործն ուղարկվել է ԱԱԾ քննչական վարչություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ֊ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը:

«Հիմա մեղադրանք է առաջադրվել մի զինծառայողի, որը թույլ անձնավորություն է եւ չէր համարձակվի Թորոսյանին հայհոյել: Մեղադրանքն ամբողջովին կեղծ է: Թորոսյանի դին տեղափոխել են մատական հենակետ, իբր մարտական հերթապահության է եղել, մինչդեռ մոր հետ խոսակցության ժամանակ բռնի կերպով խոսակցությունն ընդհատվել է, Թորոսյանի ձեռքից հեռախոսը խլել են, կոտրել, այնուհետեւ սպանել են: Իբր հիմա ԱԱԾ-ում է գործը քննվում, սակայն ոչ մի փոփոխություն չկա: Մենք չենք վստահում Հայկ Գրիգորյան կոչվածին (Քննչական կոմիտեի նախագահ․ խմբ․), ոչ էլ գլխավոր դատախազին»,- ասաց նա:


Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի խոսքով` իրենք զինծառայողի մահվան մեջ կասկածում են այդ ժամանակ գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մկրտչյանին, որը, Մարտիրոսյանի խոսքով, դեպքից 5-6 ամիս առաջ բռնություն է գործադրել Թորոսյանի հանդեպ, եւ դրանից հետո մինչեւ դեպքի օրը հալածել եւ ահաբեկել է Թորոսյանին:

«Այդ դեպքերը տեղի են ունեցել բոլորի աչքի առաջ, այսինքն՝ մենք ունենք 200-150 վկա, սակայն նախաքննական մարմին կոչվող հանցավոր խումբը գրել է, որ Դավիթ Մկրտչյանը հերքում է այդ փաստը, որ նման բան չի եղել: Այսինքն` ոչ թե քննություն են անում, այլ հանցագործին հարցնում են` դու հանցագործ ես, թե` ոչ, նա էլ ասում է` ոչ: Այսինքն կարող ենք ասել, որ իրավական ոլորտում տիրում է նույն խայտառակ վիճակը, ինչ-որ նախորդ իշխանությունների ժամանակ էր, որեւէ փոփոխություն, ոչ մի հանցագործ դատախազ պատասխանատվության չի ենթարկվում»,- ասաց Մարտիրոսյանը` նշելով, որ ոչ միայն այս գործով է նման վիճակը, այլ 13-14 մահացած զինծառայողների գործով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լեւոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով:

Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ):

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ զինծառայողի ինքնասպանության վարկածին ծնողները չեն հավատում, նրանք պնդում են, որ իրենց որդուն սպանել են:

NEWS.am-ը պարզել էր, որ Լեւոն Թորոսյանը Արմավիր մարզի Բամբակաշատ գյուղից էր, տան միակ տղան: Մահացած զինծառայողն ունի իրենից փոքր 2 քույր, ընտանիքն էլ սոցիալապես անապահով է: Մահացածի ծնողները մշտական աշխատանք չունեն, զբաղվում են հողագործությամբ: