Հայաստանը նախատեսում է ռուսական 4 Սու-30ՍՄ ստանալ 2019-ի վերջին-2020-ի սկզբին, Երեւանն ընդհանուր կցանկանար գնել 12 այդպիսի մեքենա, երկուշաբթի IDEX-2019 սպառազինությունների ցուցահանդեսի ժամանակ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մենք շարունակում ենք բանակցությունները Սու-30ՍՄ օդանավերի հաջորդ խմբաքանակի մատակարարումների շուրջ: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե որքան արագ պատրաստ կլինի այս արտադրանքը. այնտեղ կան ներմուծման փոխարինման խնդիրներ եւ այլն: Մենք նախատեսում ենք առաջին խմբաքանակը ստանալ այս տարի, ծայրահեղ դեպքում՝ հաջորդի սկզբին»,- ասել է նա:


Ի պատասխան «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին՝ հայկական ռազմական գերատեսչությունն այդպիսի քանի՞ մեքենա կցանկանար գնել, Տոնոյանը նշել է, որ խոսքը մեկ էսկադրիլայի մասին է (12 օդանավ):

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Երեւանը ծրագրում է ՌԴ-ից գնել 4 Սու-30ՍՄ: ՊՆ-ից նաեւ հայտնել էին, որ նախկինում ռուսական կողմի տրամադրած 100 մլն դոլար վարկի շրջանակում սպառազինության ձեռքբերման գործընթացը իրականացման փուլում է: