Ադրբեջանում լայնածավալ զորավարժությունների անցկացումը կրկին ապացուցում է, որ մենք գործ ունենք ֆաշիստական երկրի հետ: Այդ մասին Լուրեր Հայաստանից-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ Հայաստանի ՊՆ-ի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տվել է Ադրբեջանում Զինուժի զորավարժությունների մասին հայտարարության մանրամասն գնահատականը:

Բաբայանի խոսքերով՝ վերջին շրջանում, իսկապես, նկատվում էր լարվածության անկում Արցախի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում: «Այո, դա փաստ է, սակայն մենք պետք է դիտարկենք իրավիճակը ոչ միայն այդ տեսանկյունից: Մասնավորապես, հարցին պետք է վերաբերվել՝ ուսումնասիրելով՝ որքան զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանը 2018 թվականին, ինչ ծավալներով եւ այլն: Բնականաբար, հայտարարված լայնածավալ զորավարժությունների թիրախը Արցախն է եւ Հայաստանը: Այսինքն՝ մենք իսկապես գործ ունենք ֆաշիստական եւ նացիստական երկրի հետ, որը չի հրաժարվել դավադիր, անմարդկային ծրագրերից: Մենք չենք պատրաստվում վախենալ, մենք կշարունակենք զարգացնել եւ ամրացնել մեր երկիրը, բարձրացնել մեր բանակի մարտունակությունը եւ վարել ճիշտ աշխարհաքաղաքականություն: Հենց դա է նմանօրինակ ագրեսիայի հակազդման բանալին»,-նշել է Բաբայանը:


Ի պատասխան հարցին՝ սպասվո՞ւմ է արդյոք միջազգային հանրության քննադատությունը լայնածավալ զորավարժությունների հետ կապված, Բաբայանը նշել է, որ Արցախում չեն ակնկալում քննադատություն միջազգային կառույցների կողմից. «Ցավոք, միջազգային հանրությունը լռում է այնպես, ինչպես հանցագործ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու, ինչպես նաեւ Ադրբեջանի մի շարք այլ նողկալի գործողությունների ժամանակ: Միջազգային հանրությունը, ինչ-ինչ պատճառներով, չի ցուցաբերում կոշտ վերաբերմունք պաշտոնական Բաքվի ագրեսիվ գործողությունների նկատմամբ: Մի՞թե նրանք վտանգ չեն տեսնում, կամ գուցե պատճառն այդ կառույցների կոռումպացվածությունն է: Մենք հույս չենք դնում միջազգային կառույցների հայտարարությունների վրա, մեր հույսը բանակն է, որը մենք ուժեղացնում ենք»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում մարտի 11-ից 15-ը կանցկացվեն լայնածավալ զորավարժություններ, որոնց կմասնակցեն շուրջ 10 հազար զինծառայողներ, շուրջ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա, տարբեր տրամաչափի շուրջ 300 հրթիռահրետանային սարքավորումներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետեր, տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիայի շուրջ 20 միավոր: Վարժանքների ընթացքում զորքերը կկատարեն հարձակողական գործողությունների նախապատրաստման, մի քանի ուղղություններով պայմանական թշնամուն հարվածներ հասցնելու, նրա պաշտպանությունը ճեղքելու եւ ռազմական խմբավորումներին ջախջախելու առաջադրանքներ, ինչպես նաեւ թշնամու պաշտպանության խորքում տեղակայված ռազմական եւ ռազմավարական օբյեկտների ուղղությամբ հրթիռահրետանային հարվածներ հասցնելու առաջադրանքներ: